15:28 | 03.07.17 | Նորություններ | 19094

    Հայտնի է Sevan Startup Summit 2017-ի միջոցառումների ժամանակացույցը

    Հայտնի է դարձել հուլիսի 24- 31-ը Սեւանում կայանալիք Sevan Startup Summit 2017 վրանային բիզնես ֆորումի միջոցառումների ժամանակացույցը:

    Համաժողովի մրցանակային ֆոնդը $40 հազ. է, որը տարբեր միջոցառումների ընթացքում կբաշխվի 15 թիմերի միջեւ։ Նախատեսվում է ավելի քան $200 հազ. ներդրում Հայաստանից եւ արտերկրից հրավիրված ներդրողների կողմից։ Լավագույն 70 ստարտափները եւ 30 ծրագրավորողների թիմերը կընտրվեն դիմած 309 թիմերից։

    Հուլիսի 24-28-ը մասնակիցները կստանան հնարավորություն մասնակցելու բիզնես դասախոսությունների, որոնք կվարեն տարբեր երկրներից հրավիրված մասնագետները։ Դասախոսությունների թեմաները կլինեն սկսած «Ինչպե՞ս գաղափարը վերածել բիզնեսի» մինչեւ «Ինչպե՞ս վաճառել բիզնեսը»։

    Հուլիսի 25-26-ը բիզնես փուլում գտնվող ստարտափները կներկայացնեն իրենց pitch-երը Հայաստանից եւ արտասահմանից հրավիրված ներդրողներին:

    Հուլիսի 27-28-ը ծրագրավորողների թիմերը կմրցեն 24-ժամյա Campathon-ում, որի ընթացքում կստեղծեն ծրագրային լուծումների նախատիպեր։ Մրցույթի ընթացքում կանցկացվի 2 դասընթաց։ Լավագույն 2 թիմերը կհաղթեն համապատասխանաբար $1000 եւ $500, ինչպես նաեւ հնարավորություն դառնալու Startup Acceleration Program-ի մասնակից։

    Ոլորտային մրցույթներ կանցկացվեն տարբեր ոլորտներում գործող ստարտափների համար: Լավագույն ստարտափները տուրիզմի (Yell Extreme Battle), սննդի եւ առողջ ապրելակերպի (Art Lunch Battle), գյուղատնտեսության (Janfida Battle) եւ գիտության (Science Battle) ոլորտում կստանան $2500:

    Հուլիսի 29-ին գաղափարի փուլում գտնվող ստարտափները կմրցեն Seed Battle-ում, որի մրցանակները հետեւյալն են՝ $2500՝ հատուկ մրցանակ, $2000՝ 1-ին տեղի համար, $1000՝ 2-րդ տեղի համար:

    Հուլիսի 30-ին նախնական փուլում գտնվող ստարտափները կմրցեն Big Battle-ում, որի մրցանակները հետեւյալն են՝ $8000 գրան պրի, $5000՝ 1-ին տեղի համար, $2500՝ 2-րդ տեղի համար եւ $1000՝ 3-րդ տեղի համար։

    Բացի գումարային մրցանակներից, կան խրախուսական մրցանակներ, որոնք կնպաստեն ստարտափների քաջալերմանը։ Digital Factory-ն կզբաղվի 3 ստարտափների լոգոյի եւ կորպորատիվ ոճի ձեւավորմամբ,  AYYO մարքեթինգային կազմակերպությունը կտրամադրի UI/UX դիզայնի ծառայություն ստարտափներից մեկին, իսկ Smart Production LLC-ն կստեղծի կայք ստարտափներից մեկի համար։

    Coworking Armenia-ն էլ 3 ամսով գրասենյակային տարածք կտրամադրի ստարտափներից մեկին։

    Sevan Startup Summit-ը կամփոփվի հուլիսի 30-ին Grand Beach Party-ով, որտեղ մասնակիցները կտոնեն իրենց ձեռքերումները։ Մասնակիցների բոլոր ծախսերը հոգում են համաժողովի կազմակերպիչները։