11:02 | 03.07.17 | Նորություններ | 7080

Հանքավանում ընթանում են «ԴիջիՔեմփ» եւ «Արմաթ» ճամբարները

Հանքավանում մեկնարկել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից իրականացվող ամենամյա «ԴիջիՔեմփ» նորարարական եւ «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարները:

ԻՏՁՄ-ում նշել են, որ 5-րդ ամենամյա «ԴիջիՔեմփ» նորարարական ճամբարին մասնակցում են 14-17 տարեկան ինովացիոն գաղափարներ ունեցող շուրջ 50 պատանիներ: «ԴիջիՔեմփի» նպատակն է աջակցել եւ ուղղորդել ինովացիոն գաղափարներ ունեցող պատանիներին, որպեսզի զարգացնեն իրենց տեխնոլոգիական գաղափարները եւ դրանք դարձնեն բիզնես ծրագրեր:

Ինովացիոն ճամբարի շրջանակում դպրոցականները կլսեն առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների դասախոսությունները, ապա թիմային աշխատանքների միջոցով կզարգացնեն իրենց գաղափարները: Ճամբարի ավարտին կընտրվեն լավագույն 3 նախագծերը, իսկ հեղինակները կարժանանան դրամական պարգեւի:

«Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարն իրականացվում է արդեն 2-րդ անգամ: Ի տարբերություն նախորդի, այս տարի «Արմաթ» ճամբարին մասնակցում են 10-13 տարեկան նաեւ սփյուռքահայ դպրոցականներ (ԱՄՆ, Կանադա, ՌԴ):

«Արմաթ» ամառային ճամբարը յուրահատուկ է նրանով, որ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայ երիտասարդները կսովորեն եւ ազատ ժամանակ կանցացնեն միասին, ինչը կարող է լավ ընկերության եւ գործընկերության հիմք հանդիսանալ: Ճամբարի նպատակներից է նաեւ դպրոցականների մոտ զարգացնել թիմային ոգու գաղափարը:

«Արմաթ» ճամբարի օրակարգը հագեցած է ռոբոտաշինության, ծրագրավորման դասընթացներով, մրցույթներով, հայրենաճանաչությանն ուղղված միջոցառումներով: Ճամբարին մասնակցում են 300 դպրոցականներ, որոնց մի մասը «Արմաթ» լաբորատորիաների սաներն են: Մասնակիցները թիմերով կստեղծեն գծին հետեւող ռոբոտներ, հաղթող թիմերը կարժանանան մրցանակների:

«ԴիջիՔեմփ» եւ «Արմաթ» տեխնոլոգիական ճամբարների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսի 8-ին: