14:04 | 26.06.17 | Նորություններ | exclusive 95603

    Հայաստանում արտադրված ԱԹՍ-ները ներկայացվել են Վանաձորում

    Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հունիսի 24-ին կազմակերպված Ինժեներական համաժողով-ցուցահանդեսի շրջանակում հայաստանյան UAV LAB ընկերությունը ցուցադրել է տեղական արտադրության անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) երեք մոդել:

    Itel.am-ի հետ զրույցում UAV LAB-ի ներկայացուցիչ Իվան Մելնիկովը տեղեկացրել է, որ նախագծի վրա աշխատում է 4 մարդ: Սարքերն իրացվում են ներքին շուկայում, սակայն մտադիր են մոտ ապագայում դրանք դուրս բերել նաեւ միջազգային շուկա:

    photo © Մեդիամաքս


    «Այսօր ներկայացված մոդելներից մեկը պատրաստված է որպես ունիվերսալ հարթակ: Այն հնարավոր է վերամիավորել նախընտրած ձեւով՝ կախված տվյալ առաջադրանքից: Անօդաչուն կարող է տեղափոխել մինչեւ 4 կգ օգտակար բեռ: Մյուս մոդելը հետախուզական բնույթի է՝ ունի օպտիկական զումով տեսախցիկ, ստաբիլիզատոր եւ այլն»,- նշել է Իվան Մելնիկովը:

    photo © Մեդիամաքս


    Ընկերությունը գործում է արդեն մեկ տարի: Ներկայացված երեք մոդելներից բացի, Իվան Մելնիկովի խոսքով, եւս երկու մոդել ներկայում մշակման փուլում է:

    «Եթե հաշվարկենք գծագրերի ստեղծման պահից մինչեւ պատրաստի մոդել ժամանակահատվածը, ապա մեկ ԱԹՍ-ի մշակման համար պահանջվում է շուրջ կես տարի՝ մինչեւ առաջին թռիչքային փորձությունները,- ընդգծել է Իվան Մելնիկովը: -Ներկա փուլում աշխարհում անօդաչուների տեսակները բավական շատ են, եւ դրանք համեմատելը շատ բարդ է: Մեր մոդելները տեխնիկական իրենց չափանիշներով գերազանցում են արտերկրում մշակված մի շարք մոդելների»:

    photo © Մեդիամաքս


    UAV LAB-ի ներկայացուցիչը հիշեցրել է, որ ռոբոտացված տեխնոլոգիաները փրկում են մարդկային կյանքեր:

    «ԱԹՍ-ներն իրականացնում են նույն գործառույթները, ինչ մարդկային անձնակազմով ինքնաթիռները, մեկ տարբերությամբ. վերջին դեպքում վտանգի է ենթարկվում ինքնաթիռի անձնակազմի կյանքը»,- ամփոփել է Իվան Մելնիկովը:

    Նարինե Դանեղյան