17:24 | 23.06.17 | Նորություններ | 27063

Միջազգային ՏՏ փորձագետը Beeline-ում վարպետության դաս է անցկացրել

Միջազգային ՏՏ փորձագետ Միխայիլ Կաշկինը Beeline-ի գրասենյակում վարպետության դաս է անցկացրել՝ ներկայացնելով ծրագրավորման ամենատարածված լեզուներից մեկը՝ Python-ը:

Monitis ընկերության ծրագրավորող Լեւոն Եղիազարյանի օգնությամբ նա հայ ծրագրավորողներին ծանոթացրել է Python-ի ստեղծման պատմության, այդ լեզվի հիմնական գործառույթների, կիրառության ոլորտների ու ձեւերի հետ։ Բացի Beeline-ի ներկայացուցիչներից, վարպետության դասին մասնակցել են Masys information systems, Ziltech եւ Fifth ընկերությունների աշխատակիցները։

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այսօր աշխարհում առավել ակտիվ զարգացողներից մեկն է։ Այդ ոլորտի մասնագետների համար շատ կարեւոր է քայլել ժամանակին համընթաց, ետ չմնալ նոր միտումներից ու լուծումներից։ Դա կարեւոր է ոչ միայն իրենց մասնագիտական առաջընթացի, այլեւ Հայաստանի ընդհանուր զարգացման համար։ Հենց այս ոլորտին է Beeline-ն առանձնահատուկ ուշադրություն դարձնում, եւ առաջին հերթին՝ ծրագրավորողների ուսուցման հետ կապված հարցերին։ Վստահ եմ, որ այս վարպետության դասը հայ ծրագրավորողներին կոգեշնչի հասնելու նոր ձեռքբերումների եւ կօգնի մեր կյանքը փոխել դեպի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: