13:40 | 23.06.17 | Նորություններ | 26223
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է, որ 2018թ. ավարտին 4G+ ցանցը (LTE Advanced) հասանելի կդառնա բնակչության 64%-ին՝ ներկայիս 52,4%-ի փոխարեն:
Նախատեսվում է, որ 2019թ. 4G+ ցանցը ներդրված կլինի ոչ միայն բոլոր քաղաքներում, այլեւ խոշոր գյուղերում եւ հաղորդակցման ու առեւտրային կարեւորություն ունեցող ավտոճանապարհներին: Ըստ ռազմավարության՝ նախատեսվում է, որ 2020թ. 4G+ տեխնոլոգիան հասանելի կդառնա բնակչության 80-90%-ին:
Ընկերությունում նշել են, որ արդիականացման արդյունքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը լիովին պատրաստ կլինի հեռահաղորդակցության ոլորտի վերջին զարգացումներին:
«Տեխնոլոգիաների զարգացման համաշխարհային միտումները հաշվի առնելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարբերաբար իրականացնում է շարժական ցանցի համալիր արդիականացման, ներառյալ՝ ենթակառուցվածքի վերափոխման լայնածավալ աշխատանքներ: 2018թ. մեր ընկերության համար կնշանավորվի արդիականացման նոր փուլի մեկնարկով, որի արդյունքում կունենանք շարժական հեռախոսակապի որակապես նոր ցանց՝ պատրաստ սպասարկելու ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների առավել մեծ ծավալներ, ինչպես նաեւ՝ շուկայում ներդրված ամենանորարարական լուծումները: ՎիվաՍել-ՄՏՍ-ում տեխնոլոգիական հերթական արդիականացումն իրականացվում է 3-4 տարին մեկ պարբերականությամբ: Մենք ունենք անհրաժեշտ վճռականությունը, կարողություններն ու ամուր թիմը՝ տեխնիկական եւ ՏՀՏ համակարգերը որակապես էլ ավելի բարձր աստիճանի հասցնելու համար», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: