16:34 | 21.06.17 | Նորություններ | 4974

«Մայքրոսոֆթ»-ը եւ «Վորլդ Վիժն Հայաստան»-ը կհամագործակցեն

«Մայքրոսոֆթ Հայաստանը» եւ «Վորլդ Վիժն Հայաստանը» ստորագրել են համագործակցության հուշագիր՝ կրթության, երիտասարդների հզորացման, ինչպես նաեւ փախստականների ինտեգրման եւ զբաղվածության ոլորտներում համագործակցության շրջանակներն ընդլայնելու համար:

«Մայքրոսոֆթի գործունեության կարեւորագույն ուղղություններից է Հայաստանում կրթության եւ երիտասարդների հզորացումը, եւ մենք հպարտ ենք շարունակելու այս առաքելությանը: Վորլդ Վիժն Հայաստանի հետ նախկինում համատեղ իրականացել ենք մի շարք նախաձեռնություններ եւ մոտ ապագայում ակնկալում ենք ավելացնել դրանց թիվը»,- նշել է «Մայքրոսոֆթ Հայաստան»-ի տնօրեն Լիանա Կորկոտյանը:

«Ուրախ ենք շարունակել Մայքրոսոֆթի հետ համագործակցությունը, որը թույլ է տալիս ընդլայնել երիտասարդների հզորացմանն ուղղված մեր ջանքերը, ինչպես նաեւ հասնել ավելի մեծ թվով սոցիալապես անապահով երիտասարդների՝ ոգեշնչելով նրանց ինքնուրույն կառուցել իրենց արժանապատիվ ապագա»,- ասել է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ծրագրի ղեկավար Ժիրայր Էդիլյանը:

«Մայքրոսոֆթ»-ը եւ «Վորլդ Վիժն Հայաստան»-ը կստեղծեն Երիտասարդների զարգացման օնլայն պլատֆորմ, ինչպես նաեւ համատեղ կիրականացնեն կրթության, երիտասարդների հզորացման, փախստականների ինտեգրման եւ զբաղվածությանը նպաստող նախաձեռնություններ: