14:43 | 21.06.17 | Նորություններ | 21917
ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Beeline-ը գործարկել են նոր պրոդուկտ՝ սմարթֆոնների ապառիկ վաճառք՝ առանց լրացուցիչ տոկոսադրույքների եւ միջնորդավճարների:
Սմարթֆոնները տրամադրվում են տարաժամկետ վճարումով «Սմարթ» (2500-ից մինչեւ 7500 դրամ) հետվճարային սակագնային փաթեթների հետ միասին Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում: Սմարթֆոնների արժեքը սկսվում է 100 հազ. դրամից:
Պրոդուկտը կարելի է ձեռք բերել արդեն հաջորդ շաբաթվանից, իսկ վճարումները կարելի է կատարել Beeline գրասենյակներում, տերմինալներով, բանկերում եւ առցանց:
«Beeline-ի հետ համատեղ այս պրոդուկտը հեղափոխական է հայաստանյան շուկայի համար եւ առավելագույնս ուղղված է հաճախորդի կարիքներին: Այն հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին այսօր ձեռք բերել ցանկալի ապրանքն ու վճարել դրա դիմաց հաճախորդի համար հարմար գրաֆիկով, առանց ապառիկին բնորոշ լրացուցիչ տոկոսների եւ միջնորդավճարների»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:
Նրա խոսքով՝ ներկայում հաճախորդներին առավել հուզող խնդիրը տոկոսադրույքների նվազեցումն ու պարտքային բեռի թեթեւացումն է, եւ այս պրոդուկտը բանկի կողմից դրան ուղղված եւս մեկ քայլ է:
«Բանկային բիզնեսը պետք է զարգանա եւ առաջ շարժվի, այլապես նրա հետ մնալը կխոչընդոտի ամբողջ տնտեսությանը: Մենք հավատացած ենք, որ տեխնոլոգիական պրոդուկտներն այսօր ամենապահանջվածն են, եւ հենց նրանք են լինելու ապագայում շուկայի զարգացման շարժիչը»,- նշել է Յուրի Գուսեւը՝ հույս հայտնելով, որ Beeline-ի հետ իրենց համագործակցությունը երկարատեւ կլինի:
«Նոր պրոդուկտի շնորհիվ մեր հաճախորդներին ընձեռվում է բացառիկ հնարավորություն ձեռք բերել սմարթֆոն եւ վճարել ոչ թե ապառիկի տոկոսները, այլ կապի ծառայությունների դիմաց: Beeline-ը շարունակում է հոգ տանել բաժանորդներին տրամադրվող ծառայությունների սպասարկման հարմարավետության եւ պարզության համար, այդ թվում՝ փորձում է դրանք դարձնել առավել հասանելի. օրինակ, ձեռք բերելով Iphone 7 ապառիկով 24 ամսով, բաժանորդը յուրաքանչյուր ամիս կվճարի 22000 դրամ, այդ թվում՝ յուրաքանչյուր ամիս կստանա նաեւ ծառայություններ «Սմարթ 5500» սակագնային փաթեթի շրջանակում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Սմարթֆոնների վաճառքի վերաբերյալ որոշումը կայացվում է Beeline-ի գրասենյակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Beeline-ի պայմաններով՝ անձնագրի եւ սոցքարտի ներկայացմամբ: Գնորդի տարիքն ապրանքը ձեռք բերելու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, իսկ վերջին մարման ժամանակ չպետք է գերազանցի 65 տարեկանը: