15:12 | 12.05.17 | Նորություններ | 14976

«Ռոստելեկոմ»-ը խթանում է Գորիսում աշխատատեղերի ստեղծումը

«Ռոստելեկոմ»-ը՝ Գորիս քաղաքում Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, ծրագիր է իրականացնում՝ ուղղված երկու սոցիալական ձեռնարկություններում՝ «Գորիս Քրոշե»-ում (ձեռագործ խաղալիքների արտադրություն) եւ «Բրդից Կարպետ»-ում կանանց զբաղվածության ապահովմանը։

Ծրագրի շրջանակում ապրիլից նոյեմբեր ամիսներին կայուն աշխատավարձով ապահովվել են համայնքի անապահով, հաշմանդամ, բազմազավակ եւ միայնակ 30 կանայք:

Բացի այդ, Գորիսին հարակից Շինուհայր համայնքի շուրջ երկու տասնյակ դպրոցահասակ աշակերտների համար կկազմակերպվեն արհեստագործական դասընթացներ:

«Սյունիքի «Կանանց զարգացման» ռեսուրս կենտրոնի հետ համագործակցությունը շատ կարեւոր քայլ է «Ռոստելեկոմ»-ի համար, քանի որ դրանով մենք ոչ միայն հիմքեր ենք ստեղծում տարածաշրջանում ավանդական արհեստների պահպանման ու զարգացման համար, այլեւ նպաստում ենք նոր եւ կայուն աշխատատեղերի ստեղծմանն ու ապահովում համայնքի կանանց զբաղվածությունը։ Մեկ այլ կարեւոր ձեռքբերում է նաեւ աշակերտական տարիքի երեխաների ընդգրկումը ծրագրում, ինչը հետագայում կլուծի երեխաների մասնագիտական կողմնորոշման ու զբաղվածության խնդիրը»,- ասել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։