10:21 | 22.03.17 | Նորություններ | 8841

PicsArt-ում հնարավոր կլինի սթիքերներ ստեղծել եւ տարածել

PicsArt-ը, որն արդեն ունի 400 մլն ներբեռնում եւ ամսական 90 մլն ակտիվ օգտատեր, գործարկել է սթիքերների պատրաստման եւ տարածման գործառույթ:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ օգտատերերն այժմ հնարավորություն են ստանում ազատ օգտագործման համար սթիքերներ ստեղծել ու կիսվել դրանցով: Սթիքերները կարելի է օգտագործել նկարներ խմբագրելու, ընկերների հետ Remix Chat-ի, ինչպես նաեւ ցանկացած այլ սոցցանցի կամ ծառայության միջոցով շփվելու համար:

Բոլոր սթիքերների հեղինակները նշված են, իսկ սթիքերները խմբավորված են մեկ տեղում՝ հնարավորություն տալով օգտատերերին բացահայտել ընկերների կամ այլ հեղինակների կողմից պատրաստված ամենատարածված սթիքերները:

Յուրաքանչյուր օգտատեր կարող է հասանելի սթիքերները նաեւ խմբագրել՝ օգտվելով, օրինակ, բազվաթիվ «խելացի» Magic Effect-ներից, նկարչական գործիքներից կամ այլ խմբագրման միջոցներից։ Սթիքերները կարելի է պահել անհատական էջում, օգտագործել նկարներ խմբագրելիս ու նկարները մեկնաբանելիս, տարածել դրանք PicsArt-ի Remix չաթի, ինչպես նաեւ Instagram, Facebook, Messenger, WhatsApp-ի կամ այլ սոցիալական ցանցերի ու ծառայությունների միջոցով:

«Սթիքերներն ընդարձակում են օգտատերերի ստեղծագործելու եւ ինքնաարտահայտվելու հնարավորությունները: Երբ մենք թողարկեցինք ճշգրիտ ու հզոր ֆունկցիաներով աշխատող Cutout գործիքը, այն դարձավ ամենաօգտագործվողներից մեկը. այսօր օրական ավելի քան 200 հազար օգտատեր cutout-ով նկարներ եւ կոլաժներ են պատրաստում: Ուստի մենք որոշեցինք զարգացնել cutout-ը՝ խրախուսելով օգտատերերի անհատականությունն ու ստեղծարարությունը, միաժամանակ տրամադրելով սթիքերների ստեղծման, տարածման եւ բացահայտման համար մի շարք հնարավորություններ»,- ասել է PicsArt-ի գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը: