Հրապարակվել է Գլոբալ ստարտափ էկոհամակարգի 2017թ. վարկանիշը, որի շրջանակում ներկայացվել են աշխարհի թոփ 20 ստարտափ վայրերը:
Startup Genome հետազոտական կենտրոնի հրապարակած զեկույցն ուսումնասիրել է 28 երկրի 55 ստարտափ էկոհամակարգ:
Առաջատարը Սիլիկոնյան հովիտն է, որին հաջորդում են Նյու Յորքը, Լոնդոնը, Պեկինը, Բոստոնը: Լավագույն տասնյակում են նաեւ Թել Ավիվը, Բեռլինը, Շանհայը, Լոս Անջելեսը, Սիեթլը: 14-րդ տեղն է զբաղեցրել Ստոկհոլմը՝ շնորհիվ փոքր մասշտաբների հետ մեկտեղ արձանագրած տպավորիչ առաջընթացի:
Թոփ 20-ում գերակշռում են ամերիկյան քաղաքները (7), Եվրոպան ներկայացնում է 5, Ասիան՝ 3 քաղաք: Թոփ 20-ում են նաեւ կանադական երկու քաղաքներ՝ Վանկուվերը (15) եւ Տորոնտոն (16): Վարկանիշում են հայտնվել նաեւ ավստրալական Սիդնեյը (17) եւ հնդկական Բանգալորը (20):
Այս տարի վարկանիշը լքել են Մոնրեալը, Մոսկվան եւ Սան Պաոլոն:
Հետաքրքիր է այն, որ վարկանիշի առաջատար Սիլիկոնյան հովիտը տաղանդներ ենթաբաժնում զիջում է 12-րդ տեղը զբաղեցրած Սինգապուրին: Սա պայմանավորված է Սիլիկոնյան հովտում գործող բարձր աշխատավարձերի եւ վաղ շրջանում գտնվող ստարտափների կողմից փորձառու մասնագետներ ներգրավելու մարտահրավերներով:
Ներդրումային հնարավորությունների ենթասանդղակում էլ Սիլիկոնյան հովտին հաջորդում են Նյու Յորքը, Շանհայը, Լոնդոնը եւ Պեկինը:
Հատկանշական է, որ «ստարտափ փորձառություն» ենթաբաժնում Պեկինը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Նյու Յորքից, Լոնդոնից եւ Բոստոնից:
Զեկույցը փաստում է, որ եվրոպական ստարտափների հաճախորդների 20,7%-ը դուրս է Եվրոպայից: Համեմատության համար նշենք, որ մյուս տարածաշրջանների դեպքում այդ ցուցանիշը կազմում է 12,8%:
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ստարտափներն էլ մյուս տարածաշրջանների համեմատ 48%-ով ավելի շատ են օգտագործում խորհրդատուների ծառայությունները:
Զեկույցի մանրամասներին կարող եք ծանոթանալ
այստեղ: