18:04 | 17.03.17 | Նորություններ | 4008

    Երեւանում ներկայացվել է նորարարական MaxPatrol ծրագիրը

    Երեւանի «Հայ-Տեք» կիբեռանվտանգության կենտրոնում նախօրեին ներկայացվել է Positive Technologies ընկերության MaxPatrol ծրագիրը:

    Ծրագրի ներկայացումը կազմակերպել է «Աքսոֆտ» ընկերությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ:

    MaxPatrol-ը ներկայացրել է միջոցառման շրջանակում հատուկ Հայաստան ժամանած առաջնակարգ լիցենզավորված մասնագետ Ալեքսեյ Պետուխովը:  

    «Positive Technologies ընկերությունը եւ ՀՀ պաշտպանության նախարարությունը համատեղ նախաձեռնել են այս միջոցառումը, քանի որ մենք կարեւորում ենք տեղեկատվական-տեխնիկական անվտանգության խնդիրների լուծումը ոչ միայն պետական կառույցների եւ գերատեսչությունների, այլեւ մասնավոր եւ գիտահետազոտական ոլորտներում»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Արմեն Գնունին:

    Նրա խոսքով՝ սեմինար-դասախոսությունը կրելու է ոչ միայն տեսական, այլեւ գործնական բնույթ, ինչը թույլ կտա բացահայտել առկա տեղեկատվական եւ տեխնիկական լուծումների ներկայիս որակը։ Արմեն Գնունին նաեւ տեղեկացրել է, որ նախարարությունը նախատեսում է պարբերական դարձնել նմանատիպ միջոցառումները՝ ներգրավելով ՏՏ ոլորտի օտարերկրյա մասնագետների եւ ներդնելով միջազգային լավագույն փորձը։

    MaxPatrol-ը համարվում է Positive Technologies անվտանգության միջոցների շարքում կարեւորագույն նորարարություններից մեկը, որի հիմքը թույլ է տալիս ստեղծել ենթակառուցվածքների ամբողջական մոդել եւ կատարում է ակտիվների, իրադարձությունների մասին հասանելի ինֆորմացիայի հավաքագրում եւ վերլուծություն։