15:06 | 01.03.17 | Նորություններ | 10373

    Հայաստանում աքսելերացիոն նոր ծրագիրն ընդունում է հայտեր

    Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) եւ Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) հոլանդական Crosspring աքսելերատորի հետ մեկնարկում են համատեղ աքսելերացիոն ծրագիր:

    Աքսելերացիոն ծրագրի նպատակն է աջակցել հայկական ստարտափերի առաջխաղացմանը եվրոպական շուկայում եւ նպաստել տեխնոլոգիական բիզնեսների զարգացմանը: Ծրագրին կմիանան եւ մասնակիցներին իրենց խորհուրդներով կուղղորդեն նաեւ հոլանդական Crosspring ինկուբատորի մենթորները:

    Հայտերի լրացման վերջնաժամկետը մարտի 15-ն է:

    Մրցույթին կարող են մասնակցել հայկական ստարտափներ, որոնք ունեն արդեն մշակված արտադրանք եւ բիզնես նախագիծ հետեւյալ ոլորտներում՝

    -Արհեստական բանականություն,
    - Կիբերանվտանգություն,
    - Լրացված իրականություն (AR)/ վիրտուալ իրականություն (VR),
    - BI (Business Intelligence) / Big Data,
    - Ֆինանսական տեխնոլոգիաներ:

    Դիմորդները պետք է նաեւ հետաքրքրված լինեն ԵՄ շուկայով եւ ունենան պոտենցիալ՝ այդ շուկայում աճելու համար:   

    Ընտրության հիմնական չափանիշներն են՝
    -    Արտադրանքի նորարարություն,
    -    Հմտությունների հավասարակշռվածություն թիմի անդամների միջեւ,
    -    Արտադրանքի/տեխնոլոգիայի զարգացման մակարդակ,
    -    Միջազգային զարգացման պլաններ՝ հատկապես եվրոպական շուկայում,
    -    Ծրագրի/արտադրանքի մեծացման պոտենցիալ:

    Աքսելերացիոն ծրագրին կարող է մասնակցել առավելագույնը 12 թիմ: Վերջում կկայանա Դեմո օր, որի ընթացքում կընտրվի 1-2 թիմ՝ Նիդեռլանդներ մեկնելու եւ Crosspring-ում 1 շաբաթ անցկացնելու, հոլանդական բիզնես միջավայրին ծանոթանալու, ինչպես նաեւ պոտենցիալ հաճախորդների եւ բիզնես գործընկերների հանդիպելու համար:

    Հիշեցնենք, որ Crosspring ինկուբատորը փետրվարին հայտարարեց Հայաստանում գործող՝ լրացված իրականության լուծումներ մշակող Triple-E ստարտափում ներդրում կատարելու մասին:

    Crosspring-ի հիմնադիր Մորիս Բեքենդ Վերվիի հետ Itel.am-ի զրույցը կարդացեք այստեղ: