16:35 | 15.02.17 | Նորություններ | 3598

Հայաստանում կիրականացվի Safe kid ծրագիրը

Հայաստանում կիրականացվի «Անվտանգ երեխա» (Safe kid) ծրագիրը, որը կնպաստի էլեկտրոնային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը, երեխաների եւ ծնողների՝ համացանցից անվտանգ օգտվելու հմտությունների զարգացմանն ու էլեկտրոնային միջավայրի անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

Այս մասին հայտնի է դարձել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի եւ «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչներ Արմեն Կարապետյանի ու Սամվել Զաքարյանի հանդիպմանը:  

Կողմերը պայմանավորվել են, որ «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության աջակցությամբ դպրոցներում կներդրվեն կիբերանվտանգության վերաբերյալ դասընթացներ, հանրապետության բոլոր դպրոցների ուսուցիչները կվերապատրաստվեն կիբերանվտանգության հիմունքների ուսուցման ծրագրով, ինչպես նաեւ կնախատեսվի վերապատրաստում ծնողների համար:

«Կասպերսկի լաբորատորիա»-ի ներկայացուցիչները ներկայացրել են Safe kid ծրագրի հնարավորությունները. այն մշակվել է պաշտպանելու երեխաներին անցանկալի կայքեր այցելելուց եւ տեղեկատվություն որոնելուց: Ծրագիրը հնարավորություն ունի վերահսկել համացանցում երեխաների գործողությունները եւ հաշվետվություն ներկայացնել ծնողներին: Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել նաեւ տրամադրել սույն ծրագիրը բոլոր դպրոցներին արտոնյալ պայմաններով:

Նախատեսվում է առաջիկայում Հայաստանում կազմակերպել համացանցից անվտանգ օգտվելու մասին երեխաների իրավունքին նվիրված համատեղ միջազգային գիտաժողով: