12:24 | 15.02.17 | Նորություններ | 3426

«Արմաթ»-ի սաները թվայնացնում են թղթային գծագրերը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների 220 սան արդեն պատրաստ է իրականացնել թղթային կրիչների վրա պահվող գծագրերի թվայնացման աշխատանքներ:

ԻՏՁՄ-ում նշել են, որ արեւմտյան երկրներում շինարարական եւ մեխանիկական գծագրերի արխիվները դեռ պահպանվում են թղթային տեսքով, սակայն վերջիններիս համար թվայնացումն օրեցօր արդիական է դառնում: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ԻՏՁՄ-ն փնտրում է անհատների եւ ընկերությունների, որոնք համագործակցում են եւ/կամ կապեր ունեն եվրոպական շինարարական ու մեխանիկական նախագծային կազմակերպությունների հետ եւ կարող են ԻՏՁՄ-ին երաշխավորել ու ներկայացնել որպես կազմակերպություն, որը ձեռնամուխ կլինի թղթային գծագրերի թվայնացման գործին:  

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաների կողմից գծագրերի արխիվների թվայնացման իրականացումը կօգնի նրանց գումար վաստակել՝ օգտագործելով ստացած գիտելիքը, ինչպես նաեւ կնվազեցնի սեփական բնակավայրը լքելու եւ երկրից արտագաղթելու հավանականությունը:

Ներկայում ՀՀ ամբողջ տարածքում գործում է 197 «Արմաթ»  ինժեներական լաբորատորիա, որտեղ սովորում են շուրջ 5000 դպրոցականներ: