10:01 | 09.02.17 | Նորություններ | exclusive 29876

Երեւանը միացել է Startup Grind համաշխարհային ցանցին

Երեւանը միացել է աշխարհում ամենամեծ ստարտափ համայնքին՝ Startup Grind-ին, որը միավորում է աշխարհի ավելի քան 200 քաղաք, 98 երկիր եւ 1 մլն ձեռներեց:

Ինչպես ցանցի մյուս քաղաքներում, Երեւանում եւս յուրաքանչյուր ամիս կայանալու են միջոցառումներ, որտեղ ներկայանալու են տեղական ընկերությունների հիմնադիրները, նորարարները եւ ներդրողները: Նրանք պատմելու են խոշոր ընկերությունների ստեղծման ճանապարհին իրենց քաղած դասերի մասին:   

Startup Grind-ի երեւանյան մասնաճյուղը հիմնադրել են Նարինե Կոտիկյանը, Գեորգի Կամոյանը եւ Մարի Բարսեղյանը: Առաջին միջոցառումը կայացել է փետրվարի 4-ին Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC), որի շրջանակում հյուրընկալվել է Teamable-ի համահիմնադիր Վազգեն Հակոբջանյանը:

Itel.am-ի հետ զրույցում Նարինե Կոտիկյանը Startup Grind-ը համեմատել է Ted միջոցառման հետ՝ միայն թե ձեռներեցների համար:

«Գաղափարն այն է, որ պետք չէ Սիլիկոնյան հովիտը դիտարկել որպես պայծառ ձեռնարկատերերի մենաշնորհ: Հենց դա հաշվի առնելով՝ Startup Grind-ը հնարավորություն է տալիս տարբեր երկրներում գործող լոկալ ձեռներեցներին իրենց հաջողության պատմությունները վեր հանել եւ ներկայացնել աշխարհին»,- պատմում է Նարինե Կոտիկյանը:

Նրա խոսքով՝ Startup Grind-ի հայաստանյան մուտքը համընկել է ՏՏ էկոհամակարգի արագ զարգացման հետ:

«Մի կողմից՝ ստարտափ եւ ձեռնարկատիրական  համայնքներն ունեն միմյանց հետ շփվելու հնարավորություն, քանի որ բոլորն իրար ճանաչում են, սակայն մյուս կողմից՝ չկա կազմակերպված հարթակ, որի միջոցով այդ շփումները, հանդիպումները կարող են կայանալ: Այո, բոլորը գիտեն PicsArt-ի (միջոցառման հովանավոր), Joomag-ի, Teamable-ի, Renderforest-ի հաջողության պատմությունները, բայց չունեն հնարավորություն՝ հաճախ հանդիպելու այդ ընկերությունների հիմնադիրների հետ եւ լսելու նրանց պատմությունները, խորհուրդները: Երեւանում նմանատիպ առանձին հանդիպումներ կազմակերպվում են, սակայն դրանք համակարգված չեն: Startup Grind-ի առանձնահատկությունն այն է, որ միջոցառումները կանոնավոր բնույթ ունեն: Միջացառումները տեսանկարահանվելու են եւ տեղադրվելու գլոբալ ցանցի հարթակներում»,- պատմում է Նարինե Կոտիկյանը:

Նա նշել է, որ Startup Grind ցանցում ընդգրկվելը Հայաստանին հնարավորություն է ընձեռում ավելի լայն ներկայացվածություն ապահովել գլոբալ ՏՏ քարտեզում:

«Սա կնպաստի, որ սկսնակ ձեռներեցներն ավելի հեշտ մուտք գործեն մեծ շուկաներ եւ հանդիպեն պոտենցիալ ներդրողների հետ: Միջազգային ցանցը չափազանց ակտիվ է, մարդիկ անընդհատ կապի մեջ են միմյանց հետ: Ի դեպ, յուրաքանչյուր տարի Սան Ֆրանցիսկոյում անցկացվում է Startup Grind գլոբալ կոնֆերանսը, որտեղ կարելի է հանդիպել ՏՏ ոլորտի աշխարհի հսկաներին»,- ընդգծում է Նարինե Կոտիկյանը:

Startup Grind-ը ստեղծվել է 2010թ. Սիլիկոնյան հովտում: Մի քանի ամսվա ընթացքում այն ներկայություն է ապահովել 50-ից ավելի քաղաքներում: 2013-ից Startup Grind-ն աջակցություն է ստանում Google for Entrepreneurs նախագծից:  

Նարինե Դանեղյան