15:01 | 08.02.17 | Նորություններ | 14067
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 7-ին այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերություն:
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է հաճախականությունների համար արվող պետական վճարներին՝ նշելով, որ եկամուտների կրճատման ֆոնին դրանք զգալի ֆինանսական բեռ են դարձել:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն ընդգծել է, որ ընկերությունը ներկայում ամենաքիչ հաճախականություններ օգտագործող օպերատորն է, եւ OTT (over-the-top) ծառայությունների հավելվածները (Skype, Viber) զգալի նվազեցրել են ձայնային ծառայությունների օգտագործման ծավալները:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի խոսքով` այդ հավելվածներն օգտվում են օպերատորների ենթակառուցվածքներից` առանց որեւէ եկամուտ բերելու պետությանը կամ օպերատորին: Ռալֆ Յիրիկյանը կանխատեսել է, որ շուտով այդ գործընթացը կբերի եկամուտների խիստ նվազման եւ օպերատորների կողմից ներդրումների կրճատման:
Այս տեսանկյունից նախարարն անհրաժեշտ է համարել օպերատորների կողմից նոր տեխնոլոգիաների ներդրումը, որոնք էլ նոր ծառայությունների մատուցման հնարավորություն կտան:
Անդրադառնալով ռոումինգի սակագների հարցին՝ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ Ռուսաստանում կապի նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկել են ԵԱՏՄ տարածքում ռոումինգի ծառայությունների սակագնին վերաբերող հարցեր:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի իրավաբանական վարչության պետ Արմինե Սարգսյանն ասել է, որ քննարկումների առաջին փուլում ռոումինգի սակագների որոշակի նվազեցում արվել է, բայց քանի որ ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունները տարբեր են, միեւնույն մոտեցումը կիրառելը կարող է հանգեցնել շահերի բախման:
Վահան Մարտիրոսյանը հայտնել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների համար քննարկվում են նաեւ ազգային արժույթով փոխհաշվարկներ կատարելու հնարավորությունները:
Նախարարն առաջարկել է, որպեսզի այս թեմայով ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերլուծություն անի եւ տեսակետ ներկայացնի դրա շահավետության վերաբերյալ: