Փետրվարի 7-ին աշխարհում նշվում էր Ապահով համացանցի միջազգային օրը:

Օրվա առիթով «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ վերջին տարիներին համացանցից օգտվելու գրագիտության մակարդակը Հայաստանում բարձրացել է՝ խնդիրների մասին պարբերաբար բարձրաձայնման եւ հանրային իրազեկման շնորհիվ:  

«Ապահով համացանցի միջազգային օրը «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերությունը եւս մեկ անգամ խրախուսում է պարբերաբար ստուգել համացանցում ձեր տվյալների գաղտնիությունը: Դա կարելի է անել մեր կայքում գործող հատուկ բաժնում, որտեղ առկա տվյալների բազան պարունակում է 2,05 մլրդ գաղտնաբառ»,- նշել է նա:  

Սամվել Գեւորգյանը խորհուրդ է տվել պարբերաբար փոխել գաղտնաբառերը, իսկ ճիշտ գաղտնաբառի ընտրության համար օգտվել այստեղ առկա խորհուրդներից:  

Խոսելով վիճակագրության մասին՝ նշենք, որ 2017թ. հունվարին կոտրվել է .am դոմեյնային գոտում գտնվող 16 կայք, իսկ փետրվարին (փետրվարի 7-ը ներառյալ)՝ 24 կայք:

2011-2017 թթ. կոտրված կայքերի վիճակագրության համաձայն՝ .am դոմեյնային գոտու ամենաշատ (970) կայքեր կոտրվել են 2012թ.: