16:03 | 07.02.17 | Նորություններ | 13662

Ucom-ը կարեւորում է համացանցի ապահով օգտագործումը

Այսօր՝ փետրվարի 7-ին, երկրագնդի բոլոր մայրցամաքների ավելի քան 100 երկրներում արդեն 12-րդ անգամ նշվում է Ապահով համացանցի օրը: Այս տարի օրն անցնում է «Փոխվե՛նք. միավորվե՛նք հանուն ավելի լավ համացանցի» կարգախոսի ներքո, որով բոլոր օգտատերերին կոչ է արվում միավորել ջանքերը՝ բոլորի, իսկ մասնավորապես՝ երեխաների ու երիտասարդների համար համացանցն առավել ապահով ու լավը դարձնելու նպատակով:

Ucom-ը «Մեդիակրթության կենտրոն» եւ «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ այսօրվանից մեկնարկում է «Ապահով համացանց Հայաստան 2017» վեցամսյա ծրագիրը, որի շրջանակներում մայրաքաղաքի եւ մարզերի մի շարք դպրոցներում կանցկացվեն բաց դասեր համացանցի եւ թվային տեխնոլոգիաների ապահով օգտագործման վերաբերյալ: Կտպագրվեն ու կհրապարակվեն հայալեզու կրթական ձեռնարկներ, որոնք հատուկ մշակվել են համացանցային էթիկայի ու ապահովության խնդիրների շուրջ խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

Ծրագրով նախատեսվում է նաեւ երկու հանրապետական մրցույթների կազմակերպումը: Մրցույթները թույլ կտան ծնողների ու երեխաների շրջանում լայնորեն տարածել համացանցում ապահովության առանցքային դրույթները, իսկ յուրաքանչյուր դպրոցին հնարավորություն կընձեռեն ցուցադրելու թեմային առնչվող բոլոր կրթական նախաձեռնությունները: «Ապահով համացանց Հայաստան 2017» ծրագիրն այս տարի կներառի նոր կրթական բաղադրիչ Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն եւ Մաթեմատիկա առարկաները դասավանդող ուսուցիչների համար:

Համացանցի ապահով եւ պատասխանատու օգտագործման վերաբերյալ իրազեկության բարձրացմանը կնպաստեն նաեւ սեմինարները, դպրոցահասակների, նրանց ծնողների եւ ուսուցիչների համար նախատեսված առաջադրանքները, տեսանյութերը, խաղերը, գրքերը, մեդիա իրադարձությունները եւ այլ գործնական քայլերը:

«Ucom-ն իր սոցիալական պատասխանատվության շրջանակներում մեծ ուշադրություն է դարձնում կրթական ծրագրերին, որի ամենավառ օրինակներից են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները: Այդ լաբորատորիաների սաները սովորում են ամենակարեւորը՝ ստեղծելը, ոչ թե սպառելը: Համոզված եմ, որ ստեղծարար ուղեղն ավելի արագ է գիտակցում ու սերտում համացանցում ապահովության բանալիները: Երեխաներին ու նրանց ծնողներին կոչ եմ անում լինել առավել պատասխանատու ու միշտ մտապահել այդ պարզագույն տեղեկատվությունը», - ասել է Ucom ընկերության մարկետինգի եւ հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

Ինչպես նշեց «Մեդիկրթության կենտրոն»-ի տնօրեն Հայկազ Բաղյանը, ցանկալի է, որ երեխաները հնարավորինս վաղ տարիքից ձեւավորեն ճիշտ համացանցային սովորություններ, օրինակ՝ գնահատեն անձնական բնույթի տեղեկությունները,  սովորեն ինքնուրույն կիրառել անվտանգության եւ մասնավոր կյանքի գաղտնիության կարգավորումներն իրենց նախընտրած խաղերում, հավելվածներում կամ գործիքներում: Հորդորենք երեխաներին մտածել գործելուց առաջ, զգուշանալ այնպիսի կայքերից  կամ հաղորդագրություններից, որոնք կոչ են անում գործելու անմիջապես, առաջարկում են չափազանց գրավիչ բաներ կամ հայցում են անձնական բնույթի տեղեկություններ:  Երեխաները պետք է սովորեն  ուշադիր լինել յուրաքանչյուր կոճակը սեղմելիս եւ գիտակցեն, որ իրենց գործողությունները կարող են ունենան դրական կամ բացասական ազդեցություն այլ մարդկանց վրա:

Բոլոր նրանք, ովքեր անհանգստանում են իրենց երեխաների կողմից սպառված ինտերնետային բովանդակության բնույթով եւ անվտանգությամբ, կարող են այցելել www.safe.am կայքը, որտեղ տեղադրված են անհրաժեշտ տեղեկություններ եւ խորհուրդներ հայերեն լեզվով` ցանցից ապահով օգտվելու համար:

«Ապահով համացանց» ծրագիրը նվիրված է Ապահով համացանցի միջազգային օրվան, որը նշվում է սկսած 2004-ից յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Համաեվրոպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնվելով, մարդկանց համախբում է` պայքարելու ապօրինի, վնասակար եւ ոչ պատշաճ բովանդակության դեմ: