16:50 | 08.02.17 | Նորություններ | 4661

    Էջմիածնում Անվտանգ ինտերնետի օրվան նվիրված քննարկում է անցկացվել

    Փետրվարի 7-ին նշվող «Անվտանգ ինտերնետի» միջազգային օրն այս տարի անցկացվել է «Դարձի՛ր փոփոխության մասնիկ. միասին ստեղծենք ավելի ապահով ինտերնետ» (Be the change: Unite for a better internet) կարգախոսի ներքո։

    «Արփինետ» ընկերությունը եւ «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի «Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոնը» այս կապակցությամբ Էջմիածին քաղաքում կազմակերպել են ոլորտի փորձագետների հետ կլոր-սեղան քննարկում։

    Միջոցառման շրջանակում անդրադարձ է եղել հետեւյալ հարցերին՝ տեղեկատվական անվտանգություն, կիբեր հանցագործություններ, տվյալների ապօրինի տարածումը եւ կիրառումը, սոցցանցերի միջոցով թրաֆիքինգի վտանգները, ինչպես նաեւ երեխաների առցանց անվտագության կարեւորությունն ու դրան ուղղված ծրագրերը։

    «Ինտերնետ Հանրություն» ՀԿ փոխանախագահ Գրիգորի Սաղյանը ներկայացրել է կիբեր եւ տեղեկատվական անվտանգության տարբերությունները, ISO սահմանումները, հայեցակարգը, իսկ «Սայբեր Գեյթս» ընկերության տնօրեն Սամվել Գեւորգյանը՝ քառօրյա պատերազմի ընթացքում կիբեր տարածքում իրականացված գործողությունները, հարձակումներն ու հակահարվածները։

    «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արզուման Հարությունյանը բարձրաձայնել է սոցցանցերի միջոցով թրաֆիքինգի վտանգի մասին, «Ինտերնետ Հանրություն» ՀԿ վարչության անդամ Լիանա Գալստյանն էլ ներկայացրել է «Օգտատերերի վստահություն» հարցման արդյունքների մասին տեղեկատվություն:

    «Վորլդ Վիժըն Հայաստան»-ի առցանց անվտանգության ծրագրի համակարգող Ոսկան Ղազարյանը կարեւորել է երեխաների առցանց անվտանգությունը՝ ներկայացնելով «Վորլդ Վիժըն»-ի կողմից իրականացված ծրագրերը: