16:48 | 02.02.17 | Նորություններ | 3949

2016-ին կապի խոշոր օպերատորները կրճատել են հարկերը

ՀՀ կապի երեք օպերատորները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Beeline-ը եւ Ucom-ը (2016թ. մայիսից «Օրանժ Արմենիա»-ն գործում է Ucom բրենդի ներքո), 2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ընդհանուր առմամբ պետական բյուջե են վճարել 30,5 մլրդ դրամի հարկ, ինչը 22,1%-ով զիջում է նախորդ տարվա ցուցանիշին:

ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակի համաձայն՝ կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշը ներկայացնող «Ղ-Տելեկոմ»-ն է, որը զբաղեցնում է ցուցակի 8-րդ տեղը (2015թ. 3-րդ տեղում էր): Ընկերությունը 2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին պետբյուջե է վճարել 12,8 մլրդ դրամի հարկ, ինչը 31,2%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Ոլորտի մյուս խոշոր հարկատուն Beeline ապրանքանիշը ներկայացնող «Արմենիա տելեֆոն կոմպանի»-ն է՝ 12,4 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 19,6%-ով, ինչը նրան ընդհանուր հարկատուների ցուցակում 7-րդից դարձրել է 9-րդը:

Խոշորագույն հարկատուների ցուցակում են նաեւ «Յուքոմ»-ը եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունները (համապատասխանաբար՝ 23-րդ եւ 165-րդ): Վերջինս 2016թ. ապրիլից գործում է Ucom բրենդի ներքո: Երկու ընկերություններն ընդհանուր առմամբ պետբյուջե են վճարել 5,2 մլրդ դրամ հարկ, ինչը 3,6%-ով գերազանցում է 2015թ. ցուցանիշը («Օրանժ Արմենիա»՝ 3,4 մլրդ եւ «Յուքոմ»՝ 1,6 մլրդ):

1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել են նաեւ «Ռոստելեկոմ» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ ԱԼՖԱ» (200-րդ տեղ, շուրջ 627 մլն դրամ) եւ «Արմենիան դեյթաքոմ քամփնի» (952-րդ տեղ, 106,9 մլն դրամ) ընկերությունները:  

Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները 2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին պետբյուջե են վճարել շուրջ 716,2 մլրդ դրամի հարկ, ինչը 2,8%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: