11:21 | 30.01.17 | Նորություններ | exclusive 11010
Փետրվարի 4-5-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Capture the Flag համակարգչային անվտանգության ինտելեկտուալ մրցույթը, որի նպատակն է նպաստել երկրում կիբեր անվտանգության զարգացմանը:
Միջոցառումը կկայանա ISTC նորարար լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում:
Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ:
Կազմակերպիչներն են 1guard-ը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: Հովանավորներն են Մայքրոսոֆթ Հայաստանը, Monitis-ը եւ ISTC կենտրոնը:
Միջոցառման պատասխանատուներից Անդրանիկ Վարդանյանը Itel.am-ին պատմել է, որ մրցույթի շրջանակում մասնակիցներին տրամադրվելու են սերվերներ, ծառայություններ, ծրագրեր եւ մոբայլ հավելվածներ, որոնք հարկավոր է կոտրել:
«Կարող են մասնացել բոլոր ցանկացողները՝ ինչպես միայնակ, այնպես էլ թիմերով: Հաշվի առնելով խաղի կրթական լինելը` բոլոր խնդիրների հետ լինելու են հուշումներ եւ կիրառելի գործիքների մասին տեղեկատվություն: Յուրաքանչյուր անհատ կամ խումբ՝ սերվեր կամ ծրագիր կոտրելիս ստանալու է դրոշակ, որը պետք է փոխանցի կազմակերպիչներին՝ արդյունքում կուտակելով միավորներ: Առաջադրանքները տարբեր բարդության են, սակայն ծրագիրն այնպես է կառուցված, որ ամեն առաջադրանքի լուծման արդյունքում սովորում եք նոր բան՝ այդպիսով պատրաստ լինելով նոր առաջադրանքին»,- պատմել է նա:
Անդրանիկ Վարդանյանը տեղեկացրել է, որ լավագույնները կարժանանան մրցանակների: