17:33 | 27.01.17 | Նորություններ | 6409

    Հայտնի են Հանրային նորարարության մրցանակաբաշխության հաղթողները

    Երեւանում այսօր կայացել է «Կոլբա» նորարարական լաբորատորիայի Հանրային նորարարության մրցանակաբաշխությունը, որն անցկացվում էր «Հանրային կառավարման նորարարության շաբաթվա» (#PSIweek) շրջանակում:

    Միջոցառումը ֆինանսավորել է Եվրոպական Միությունը, իրականացրել՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորարարական լաբորատորիան:

    Պետական ծառայողների կողմից մրցույթին ներկայացվել էր 23 գաղափար: Համատեղ հանձնաժողովի կողմից ընտրվել են հետեւյալ գաղափարները՝

    - Ծննդյան գրանցման ընթացակարգերի օպտիմիզացում - Նանե Հարությունյան (ՀՀ արդարադատության նախարարություն)

    - Կառավարության ծառայությունների առցանց խորհրդատու - Դիանա Ղազարյան, Աննա Հարությունյան (ՀՀ արդարադատության նախարարություն)

    - Պետական մարմիններին հարցումներ ուղարկելու միասնական տեղեկատվական առցանց հարթակ - Շուշան Դոյդոյան (ՀՀ արդարադատության նախարարություն)

    Հատուկ մրցանակի է արժանացել ՀՀ արդարադատության նախարարության
    աշխատակից Ժենյա Հարությունյանը, որն առաջարկել էր քաղաքացիների հարցումները ՀՀ արդարադատության նախարարություն իրականացնել առցանց: Առաջարկն արդեն իրականացման փուլում է:

    - ՀՀ կառավարության աշխատակազմի բիզնես պրոցեսներն օպտիմիզացնող ներքին համակարգ – Արամ Ասատրյան (ՀՀ կառավարություն)

    - Սպառողների իրավունքների պաշտպանության բջջային հավելվածի ստեղծում - Լուսինե Թովմասյան (ՀՀ կառավարություն)

    - ՀՀ կառավարության նիստերի առցանց հեռարձակում - Արամ Ասատրյան (ՀՀ կառավարություն)

    Լավագույն գաղափարների հեղինակները ստացել են մրցանակներ եւ հավաստագրեր: Լավագույն ծրագրային առաջարկները հնարավորություն կունենան անցնել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կոլբա» նորարարական լաբորատորիայի ինկուբացիոն շրջանը՝ գաղափարների մշակման եւ փորձարկման համար:

    ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ կառավարության համար կարեւոր է սահմանափակ ռեսուրսների պարագայում նորարարական մոտեցումների եւ մարդկային ներուժի օգտագործումը:

    «Այս միջոցառումը խթան է հատկապես երիտասարդների համար, որպեսզի այն դարաշրջանը, որտեղ բոլորս այսօր գտնվում ենք եւ այն արագ ընթացող կյանքը, որն այսօր թելադրում է իր նախապայմանները, այդ երիտասարդների շնորհիվ մուտք գործի նաեւ պետական կառավարման համակարգ»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը:
     
    Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն եւս կարեւորել է նմանատիպ նախաձեռնությունները:

    «Ես շատ բարձր եմ գնահատում մեր գործընկերությունը Եվրոպական Միության եւ ՀՀ կառավարության հետ, որ համարձակություն ունեցան աջակցել այնպիսի մեթոդների ու մոտեցումների, որոնք դեռեւս սովորական չեն համարվում զարգացման ծրագրերի եւ պետական կառավարման ոլորտներում»,- ասել է Բրեդլի Բուզետտոն:

    «Սոցիալական նորարարությունը զարգացման նախապայման է հասարակության համար: Պետական հատվածում աշխատելիս հատկապես կարեւոր է մնալ նորարար եւ շարունակել բարեփոխել գործընթացները՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարձր որակը ապահովելու համար»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

    «Կոլբա» լաբի ղեկավար Մարինա Մխիթարյանն էլ ասել է, որ Հայաստանում առաջին անգամ է նման մրցանակաբաշխություն անցկացվում:

    «Մրցույթում մի շարք առաջնայնություն էր դրված՝ կառավարության ներքին պրոցեսների օպտիմալացում, ինչպես նաեւ քաղաքացու հետ արագ եւ անմիջական կապ հաստատելու հնարավորություն»,- ասել է նա: