13:55 | 26.01.17 | Նորություններ | 5151

Գյումրիում բացվել է 10-րդ «Արմաթ» լաբորատորիան

Նախօրեին Գյումրիի «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնում բացվել է «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա, որը Գյումրի 10-րդ ինժեներական խմբակն է, իսկ Շիրակի մարզում՝ 19-րդը:

Լաբորատորիան հիմնվել է «Փարոս» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

«Արմաթը» համալրված է համակարգիչներով, եռաչափ տպիչով եւ ռոբոտաշինության դետալներով: Խմբակ-լաբորատորիան գործում է անվճար հիմունքներով: Գյումրիի եւ հարակից բնակավայրերի երեխաներն այստեղ կստանան ժամանակակից տեխնոլոգիական կրթություն՝ յուրացնելով ռոբոտաշինության եւ ծրագրավորման ժամանակակից հմտություններ:

«Արմաթ»-ն ապահովում է նաեւ պրակտիկ հմտությունների, ստեղծագործականության զարգացում, ստեղծում Հայաստանի բոլոր մարզերի դպրոցականների հետ շփման եւ աշխատելու արդյունավետ հարթակներ: Երեխաների համար կազմակերպվում են տարբեր խրախուսական մրցույթներ, ճամբարներ, ցուցահանդեսներ եւ այլն:

«Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացմանը մասնակցել են Գյումրիի քաղաքապետի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանը, «Փարոս» հիմնադրամի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչներ: