12:07 | 17.01.17 | Նորություններ | 20572

ՌԴ-ում Apple-ի կրթական ծրագրերի ղեկավարը միացել է JUST DILIJAN IT! թիմին

JUST DILIJAN IT! ամառային կրթական ծրագրերը 2017թ. կղեկավարի  Ռուսաստանում Apple ընկերության բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, կրթության ոլորտում ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր, հոգեբանական գիտությունների թեկնածու Յուրի Գորվիցը:

2017թ. ամառային ծրագրերի  ուղեգրերը հասանելի են հունվարի 16-ից:

«Այս տարի մենք որոշել ենք ամրապնդել մանկական հանգստի կրթական բաղադրիչը: Մենք շատ ուրախ ենք, որ տաղանդավոր փորձագետների ու փորձառու դասավանդողների թիմին միացել են Յուրի Գորվիցը, ով կղեկավարի 2017 թ.-ի ամառային ծրագրերը, եւ «Գիտության տոն» նորարարական ու ճանաչողական ծրագրերի հիմնադիր եւ ղեկավար Սերգեյ Կորնեեւը, ով կհամակարգի JUST DILIJAN IT! 2017թ.-ի ծրագրերի բնագիտական ուղղությունը»,- հայտարարել է JUST DILIJAN IT! ամառային ծրագրերի կազմակերպիչ հանդիսացող Scholae Mundi հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Նատալյա Պոդոլնայան:

Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս JUST DILIJAN IT! ծրագրերը նախատեսված են 10-16 տարեկան երեխաների համար եւ կանցկացվեն UWC Դիլիջան քոլեջում: Այս տարվա ծրագրերը կկազմակերպվեն հունիսի 7-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ չորս հերթափոխով, որոնցից յուրաքանչյուրը կտեւի 14 օր:  

Ակնկալվում է, որ յուրաքանչյուր  հերթափոխում ներգրաված կլինի 100-120 երեխա:

«JUST DILIJAN IT! 2017-ի հիմնական գաղափարը նորը ճանաչելն է՝ ինքդ քո, քո ընկերների, քո երկրի, աշխարհի մասին: Մեր ծրագրերն ուղղված են ազատ, խելացի, ստեղծագործ, նպատակասլաց եւ բարի մարդկանց ձեւավորմանը»,- ասել է Յուրի Գորվիցը:

«Բացահայտի՛ր մարդուն» անվանումը կրող առաջին հերթափոխի շրջանակում երեխաները կմշակեն մարդու, նրա հոգեբանությանն ու վարքագծի ուսումնասիրությանը վերաբերող թեմաներ, եւ կփորձեն պատասխանել «Ո՞վ ենք մենք», «Ի՞նչ է անհատը» եւ «Ինչպե՞ս զարգացնել քո տաղանդները» հարցերին:

«Բացահայտի՛ր մշակույթը» խորագրով երկրորդ հերթափոխի մասնակիցները կուսումնասիրեն, թե քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց ինչ փոփոխություններ է կրել մշակույթը, մասնավորապես, գրականության ու արվեստի, պարերի ու սպորտի օրինակով, ինչպես նաեւ կփորձեն պատկերացում կազմել  մարդկային հնարավորությունների սահմանների մասին:  

«Ինչպե՞ս է կառուցված  Երկիր մոլորակը», «Ի՞նչ է գիտական մեթոդը», «Ինչպե՞ս ամբողջ աշխարհը վերածել անձնական լաբորատորիայի» հարցերի պատասխանների փնտրտուքը կդառնա երրորդ՝ «Բացահայտի՛ր տիեզերքը» հերթափոխի  հիմնական թեման:

Չորրորդ՝ «Բացահայտի՛ր ապագան»  հերթափոխին մասնակցող երեխաները կհնարեն եւ կյանքի կկոչեն ամենահամարձակ գաղափարները, կսովորեն օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից, կքննարկեն ժամանակակից աշխարհի արդիական խնդիրները եւ սեփական քաղաքի, երկրի ու մոլորակի զարգացման հեռանկարները:

Յուրաքանչյուր հերթափոխի ժամանակ երեխաներին հնարավորություն կտրվի ընտրել պարապմունքներ 10 լաբորոտորիաներից (ինտելեկտուալ խաղեր, հրատարակչական գործ, համակարգչային տեխնոլոգիաներ, թատրոն, ճարտարապետություն եւ դիզայն, կինո եւ լուսանկարչություն, բնական գիտություններ, ռոբոտաշինություն, արհեստներ, սպորտ) որեւէ մեկում, որոնք կօգնեն նրանց նախագծային ու թիմային աշխատանքում:

Նախատեսվում է, որ յուրաքանչյուր հերթափոխ կավարտվի հաշվետու միջոցառմամբ՝ լինի դա գաղափարների տոնավաճառ, թե արվեստի նախագծերի ցուցահանդես, թատերական ներկայացում  կամ գիտաժողով:

JUST DILIJAN IT! ծրագրերի ավանդական բոնուսը կլինի Դիլիջան ազգային պարկի, Հայաստանի պատմության եւ մշակույթի հետ երեխաների ծանոթությունը, որը արշավներից ու էքսկուրսիաներից կվերածվի անհավանական արկածների:

«Անցյալ տարի JUST DILIJAN IT! միջազգային ծրագրերը զգալի հաջողություն են գրանցել՝ հետաքրքրությունների շուրջ միավորելով երեխաների տարբեր տարիքային խմբերից եւ տարբեր երկրներից: Երեխաներից ոմանք ամառային ծրագրերին մասնակցել են տարբեր հիմնադրամների, այդ թվում  Scholae Mundi Armenia (SMA) հիմնադրամի տրամադրած դրամաշնորհների միջոցով: Մենք մտադիր ենք այս տարի եւս շարունակել այս ավանդույթը»,- հայտնել է Scholae Mundi հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Խոջիկյանը:

JUST DILIJAN IT! ամառային ծրագրերը կազմակերպվում են  Scholae Mundi Armenia բարեգործական հիմնադրամի կողմից, որի հիմնադիրները նաեւ UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիրներն են: