17:59 | 16.01.17 | Նորություններ | 17760

Ներկայացվել է մինչեւ 2025թ. ՏՀՏ ոլորտի զարգացման նախագծերի փաթեթը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացման հերթական քննարկումը:

Ներկայացվել է մինչեւ 2025թ. շուկայի պահանջներին բավարարող ՏՀՏ ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման, բուհերի կարողությունների զարգացման, այդ թվում՝ անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածության ապահովման, ՏՀՏ ոլորտի ընկերությունների խթանման առարկայական նախագծերի փաթեթ:

Փաթեթը մշակվել է շահագրգիռ գերատեսչությունների եւ ոլորտի ներկայացուցիչների համատեղ աշխատանքային խմբի գործունեության արդյունքում:

Փաթեթով նախատեսվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է մինչ 2025թ. ՀՀ-ում ստեղծել 40 հազ. ինժեներական աշխատատեղ, հայաստանյան ՏՀՏ ոլորտ ներգրավել ոչ միայն սփյուռքահայ, այլեւ արտերկրի բարձրակարգ մասնագետների:      

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ քայլեր իրականացնել՝ բարձրակարգ մասնագետների պատրաստման, ոլորտի խթանման նպատակով:

Կառավարության ղեկավարը հորդորել է ՏՀՏ բնագավառի ներկայացուցիչներին ներկայացնել նաեւ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկներ: