16:23 | 16.01.17 | Նորություններ | 5155
Հունվարի 19-27-ը Հայաստանում կկայանա «Հանրային կառավարման նորարարության շաբաթը», որի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ:
Կառավարման նորարարության շաբաթը միջոցառումների ու քննարկումների շարք է, որի միջոցով մասնակիցներն ուսումնասիրում են պետական կառավարման համակարգն ու կիրառվող նորարարական մեթոդները, քննարկում, թե ինչպես տեխնոլոգիաները կարող են օգնել ավելի լավ քաղաքականության մշակմանը եւ ինչպես է հնարավոր ապահովել քաղաքացիների եւ կառավարության առավել արդյունավետ համատեղ աշխատանքը:
Շաբաթը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից, եւ իրականացվելու է ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի կողմից 2015-2018 թթ.:
Ներկայացնում ենք սպասվող միջոցառումները՝
Հունվարի 19-22
Կրեատիվ խաղ
Շաբաթը կմեկնարկի կառավարման նորարարության մոդելների մշակմանը նվիրված քառօրյա փորձագիտական քննարկումով: Քննարկման ձեւաչափը հայտնի է կրեատիվ խաղ անվամբ, որը ենթադրում է ինտենսիվ մտագործունեություն եւ աբստրակտ մտածելու ընդունակություն:
Մասնակիցներն աշխատում են թեմատիկ խմբերում՝ դիտարկելու համար կառավարման նորարարությունը քաղաքացու, հասարակության, պետական ծառայողի, կառավարման եւ մշակույթի տեսանկյուններից: ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ոլորտի տեղական եւ միջազգային փորձագետների, ինչպես նաեւ դիզայներների, ճարտարապետների, հոգեբանների եւ այլ ոլորտների մասնագետների հետ միասին կաշխատեն 4 օր շարունակ ՝ առաջարկելով նորարար լուծումներ եւ մոդելներ՝ կառավարման առկա խնդիրներին:
Հունվարի 23
Պեչա-Կուչա հանրային կառավարման ապագա մոդելների մասին
«Պեչա-կուչան» զրույցների միջազգային ճանաչված շարք է, որը ոչ ֆորմալ շփման եւ գաղափարների փոխանակման ստեղծագործ ձեւաչափ է: Ելույթները կլինեն անգլերեն:
Միջոցառումը կկայանա հունվարի 23-ին` ժամը 20:20-ին, Ակումբում: Հարկավոր է գրանցվել այստեղ:
Հունվարի 27
Հանրային նորարարության մրցանակաբաշխության արարողություն
2016թ. Կոլբա լաբը՝ ՀՀ կառավարության եւ արդարադատության նախարարության գործընկերությամբ, հայտարարել էր նորարար գաղափարների մրցույթ՝ պետական ծառայողների շրջանում: Սա առաջին նորարարական մրցույթն էր պետական հատվածում, որի շրջանակում քրաուդսորսինգի միջոցով հավաքագրված նորարար գաղափարները միտված էին լուծելու պետական համակարգում աշխատանքի ընթացքում առաջ եկած խնդիրները: Հունվարի 27-ին կամփոփվեն մրցույթի հաղթող գաղափարները: