12:15 | 16.01.17 | Նորություններ | 19202

Ucom-ը շրջայց է կատարել Ախուրյանի «Արմաթ» լաբորատորիայում

Օրերս Շիրակի մարզի Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները հյուրընկալել էին նախագծի պատասխանատուներին Ucom ընկերությունից եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ):    

Շրջայցի ժամանակ «Արմաթի» սաները ցուցադրել են այն ամենն, ինչ սովորել են մեկ տարվա ընթացքում: Երեխաները հմտացել են «Աղվես» եւ «Կրիա» ծրագրերի օգնությամբ խաղեր ստեղծելու, մուլտֆիլմեր պատրաստելու, մաթեմատիկական հաշվարկներ իրականացնելու, եռաչափ տպիչով առարկաներ մոդելավորելու ու տպելու մեջ:

«Յուրաքանչյուր անգամ, երբ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները զրույցի ընթացքում պատմում են, թե ինչ տեսակի ռոբոտներ են ցանկանում ստեղծել, ես հպարտություն եմ զգում, որ ապագայում ապրելու եմ նրանց կերտած Հայաստանում: Մեր մեծագույն հարստությունը հենց այս երեխաներն են, ովքեր հաճախ ավելի հետաքրքիր ու նորարար տեխնոլոգիական լուծումներ են առաջարկում, քան ավագ սերնդի ներկայացուցիչները»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

ԻՏՁՄ-ի եւ Ucom ընկերության միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը  ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող  շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։

Նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը եւ բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաեւ սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։