12:18 | 23.12.16 | Նորություններ | 10546

    Վարչապետ. ՏՀՏ-ն կարող է հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կփոխի եւ տնտեսությունը, եւ միջավայրը, եւ մշակույթը

    Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացմանը վերաբերող հերթական քննարկումը:

    Կառավարության ղեկավարը ծանոթացել է ՏՀՏ ոլորտի կարճաժամկետ եւ երկարաժամկետ զարգացման վերաբերյալ առաջարկությունների ամփոփման եւ ծրագրերի մշակման ընթացքին: Տեղեկացվել է, որ ներկայում այդ ուղղությամբ քննարկումներ են ընթանում շահագրգիռ գերատեսչությունների եւ ոլորտի ներկայացուցիչների համատեղ աշխատանքային խմբի շրջանակում:
        
    Կարեն Կարապետյանը կարեւորել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը ոլորտի առաջընթացին նպաստելու գործում եւ ՏՀՏ ներկայացուցիչների նման մտածելակերպ, քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդկանց թվի ավելացումը:

    «Ես ձեզ հետ շատ մեծ հույսեր եմ կապում. դուք կարող եք հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կփոխի եւ´ տնտեսությունը, եւ´ միջավայրը, եւ´ մշակույթը», - նշել է կառավարության ղեկավարը եւ պատրաստակամություն հայտնել օժանդակել կառուցողական բոլոր նախաձեռնություններին:

    Նախատեսվում է 2017 թ. հունվարին վարչապետին ներկայացնել աշխատանքների արդյունքները եւ առարկայական ծրագրերի փաթեթ՝ կոնկրետ միջոցառումներով: