11:08 | 23.12.16 | Նորություններ | 11166
Հունվարի 20-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Global Game Jam Armenia 2017 խաղերի միջազգային հաքաթոնը:
Noor Games-ի եւ ԻՏՁՄ-ի կազմակերպած հաքաթոնին այս տարի մասնակցելու է 50 հոգի: Անհրաժեշտ է մինչեւ հունվարի 19-ը գրանցվել այստեղ:
Նշենք, որ 2009 թ-ից կազմակերպվող հաքաթոնին այս տարի մասնակցել է 93 երկիր։ 2017թ. Հայաստանի հետ միասին մասնակցելու է եւս 97 երկիր:
Հաքաթոնը տեւելու է 48 ժամ։ Խաղ ստեղծելու համար մասնակիցները պետք է բերեն իրենց անհրաժեշտ ամեն ինչ (համակարգիչ, մոնիտոր, այլ տեխնիկա, գրենական պիտույքներ, սնունդ եւ այլն)։
Տեղում հայտարարվելու է ստեղծվելիք խաղի այդ տարվա թեման, որը որոշվում է GGJ-ի կողմից։ Այնուհետեւ մասնակիցները ծանոթանալու են, ներկայացնելու են իրենց խաղի գաղափարը, ինչի արդյունքում կձեւավորվեն 2-5 հոգանոց թիմեր։ Մասնակիցներն ունեն շատ քիչ ժամանակ, պետք է ինքնակազմակերպվեն եւ փորձարկեն նոր գաղափարներ, քանի որ չեն կարող նախապես պատրաստվել։
Հաքաթոնին կարող են մասնակցել ծրագրավորողներ, նկարիչներ, անիմատորներ, սցենարիստներ, ձայնային ձեւավորողներ եւ այլն։ Խաղերի տեսակը կարող է լինել վիդեո խաղ կամ սեղանի խաղ (board game): Մասնակիցները պետք է լինեն 18 տարեկանից բարձր:
Կազմակերպիչների խոսքով, հաքաթոնը կնպաստի ոլորտում էնտուզիաստների, մասնագետների եւ ընկերությունների միջեւ շփումների ակտիվացմանը ու կապերի հաստատմանը, փորձի փոխանակմանը, ինչպես նաեւ կմեծացնի հետաքրքրությունը ծրագրավորման եւ հատկապես խաղերի ստեղծման նկատմամբ: