12:09 | 16.12.16 | Հոդվածներ | exclusive 29696

    Simply Technologies-ը գործարկել է Hattrick հարթակը

    Simply Technologies ընկերությունը նախօրեին գործարկել է ֆուտբոլային գավաթները և առաջնությունները ավտոմատ լուսաբանող Hattrick հարթակը, որը ֆուտբոլային ինքնաթարմացվող տվյալների բազա է:

    Itel.am-ի հետ զրույցում ընկերության գործադիր տնօրեն Հարություն Մուրադյանը նշել է, որ սկսել են եվրոպական 10 թոփ առաջնություններից, ինչպես նաեւ Չեմպիոնների եւ Եվրոպայի լիգաներից:

    Հարություն Մուրադյանը Հարություն Մուրադյանը
    photo © Անձնական արխիվից


    «Հայաստանում սպորտային նորություններ տրամադրող կայքերում շուրջ 30% է կազմում այն կոնտենտը, որը կարելի է ավտոմատ գեներացնել: Խոսքը վիճակագրական տվյալներ պարունակող լուրերի մասին է, օրինակ, որ կայացավ այսինչ խաղը, խփվեց այսքան գոլ, այսինչ րոպեին, այսինչ ֆուտբոլիստների կողմից: Կամ որ այսօր, օրինակ, այսինչ ֆուտբոլիստը իր 100-րդ խաղն է անցկացնում թիմի կազմում: Հարթակի նպատակն է նմանատիպ տեղեկատվությունն ավտոմատ գեներացնել՝ առանց մարդկային միջամտության: Ներկայում աշխատում ենք ազգային հավաքականների ընտրական փուլերի վերջին 20-30 տարիների վիճակագրական տվյալները հավաքագրելու ուղղությամբ՝ գոլեր, թիմերի կազմեր, դեղին, կարմիր քարտեր եւ այլն»,- նշել է Հարություն Մուրադյանը:

    Նա տեղեկացրել է, որ կայքում արդեն հասանելի են որոշակի տվյալներ:


    «Հարթակն այս պահին կոմերցիոն բնույթ չի կրում: Հետագայում կարող ենք գովազդ ավելացնել, սակայն խոսքը չի գնալու պարզ գովազդի մասին: Այն պետք է հետաքրքիր լինի թե՛ ընթերցողին, թե՛ գովազդատուին՝ անպայման հիմնված վիճակագրության վրա:
    Նշեմ, որ մենք ինքներս կոնտենտ չենք պատրաստելու, նյութերը պատրաստվելու են ավտոմատ գեներացվող վիճակագրության հիման վրա»,- ասել է Հարություն Մուրադյանը:

    Simply Technologies-ի գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ հետագայում նախատեսում են հարթակի աշխատանքում արհեստական բանականության լուծումներ ներառել:

    Անդրադառնալով ընկերությունում կազմակերպվող ինտերնշիփերին՝ Հարություն Մուրադյանն ասել է, որ այսուհետ դրանք կրելու են կանոնավոր բնույթ:

    «Դասապրոցեսը տեւելու է մեկ ամիս եւ մեկնարկելու է հունվարին: Դասավանդելու են ոչ միայն մեր ընկերության աշխատողները, այլեւ մասնագետներ՝ ՏՏ այլ ընկերություններից: Լավագույնները կանցնեն աշխատանքի: Դասընթացներն անվճար են լինելու, եւ մենք մեր կողմից որոշակի գումար կտրամադրենք, որպեսզի ուսանողները ինտերնշիփի ընթացքում կարողանան հոգալ իրենց տրանսպորտային եւ նմանատիպ ծախսերը: Ինտերնշիփին մասնակցելու համար հարկավոր է լրացնել մեր ֆեյսբուքյան էջում առկա quiz-ը, որին կհաջորդի հարցազրույցի փուլը՝ գրասենյակում»,- տեղեկացրել է Simply Technologies-ի գործադիր տնօրենը:

    Նարինե Դանեղյան