Itel.am-ը շարունակում է #ՏեխնոԱմիս շարքը. ամեն անցնող ամսվա ավարտին ՏՏ ոլորտի որեւէ հայ ներկայացուցիչ ամփոփում է ամիսը՝ խոսելով հայաստանյան, միջազգային տեխնո ձեռքբերումների, ինչպես նաեւ սեփական ընկերության հաջողությունների մասին:
Տեխնոլոգիական նոյեմբերն ամփոփում ենք Renderforest ընկերության հիմնադիր Նարեկ Սաֆարյանի հետ:
#ՏեխնոՆոյեմբերը` Renderforest-ում
Նոյեմբերը մեր ընկերության համար հագեցած եւ ճանաչողական ամիս էր։ Այս ամիս Հայաստանը ներկայացրինք Լիսաբոնում կայացած Web Summit-ին: Ֆորումին մասնակցությունը բավական մեծ ազդեցություն ունեցավ ընկերության ճանաչողության վրա, եւ արդեն նոյեմբերի վերջի դրությամբ ունենք օրական շուրջ 3000 գրանցում։ Ընդհանուր առմամբ, հարթակում արդեն իսկ կա ավելի քան 1 միլիոն ստեղծված վիդեո նախագիծ՝ շուրջ կես միլիոն օգտատերերի կողմից:
Պետք է նշեմ, որ մեր ընկերությունը մերժեց Web Summit-ի ընթացքում ստացված ներդրումային առաջարկները եւ շարունակելու է սնուցվել սեփական վաճառքներից գոյացած եկամուտներով:
Web Summit-ում մեզանով շատ էին հետաքրքրված հատկապես ստարտափները, քանի որ նրանց ամենաշատն է հարկավոր վիդեոների ստեղծումը, որոնք կպատմեն իրենց մատուցած ծառայությունների մասին: Կարելի է ասել, որ Լիսաբոնում կուտակվեց մեծ փորձ։
Նոյեմբերը մեզ համար նոր ֆունկցիոնալ հնարավորությունների նախագծման ամիս էր: Ներկայում աշխատում ենք Renderforest հարթակի UX/UI դիզայնի բարելավման ուղղությամբ՝ դարձնելով այն ավելի հարմարավետ եւ ֆունկցիոնալ:
Այսօր մրցակցությունը գնալով ուժեղանում է ՏՏ ցանկացած սեգմենտում։ Այնուամենայնիվ, եթե դուք առաջարկում եք նորովի լուծումներ ու գտնում եք ձեր ծառայության վաճառքի յուրահատուկ կողմը, ընկերությունը սկսում է աճել, որպեսզի թե՛ օգտատերերը եւ թե՛ ձեր բիզնեսն աճի:
Մենք չենք փորձում նմանվել որեւէ կայքի կամ խմբագրիչի, այլ նախագծում ենք սեփական լուծումներ՝ առաջարկելով տեսանյութերի ստեղծման լավագույն տարբերակները:
#ՏեխնոՆոյեմբերը`հայկական ՏՏ-ումՊետք է նշեմ հայկական ՏՏ-ի հետաքրքրվածությունը Web Summit-ին մասնակցությամբ։ Լիսաբոնում հանդիպեցինք հայկական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների՝ Volo, Develandoo: Հույս ունեմ, որ նրանք եւս օգտակար կապեր են ձեռք բերել Web Summit-ի ընթացքում:
Կառանձնացնեմ նաեւ անցնող ամիս ISTC Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի
բացումը Երեւանում։
Կենտրոնը ստարտափներին առաջարկում է աշխատանքային տարածք եւ ենթակառուցվածքներ, տեխնիկական եւ գործարար խորհրդատվության, ինչպես նաեւ նոր կապեր հաստատելու հնարավորություն:
Այս ամիս
հայտարարվեց նաեւ CodeFights հայկական ստարտափի՝ $10 մլն ներդրում ստանալու մասին։
#ՏեխնոՆոյեմբերը` աշխարհումՆորից պետք է խոսեմ Web Summit-ի մասին, քանի որ այն նոյեմբերի ամենամասշտաբային միջոցառումն էր՝ 51 հազ. մասնակցով։ Նրա ֆոնին ստվերում մնացին ամսվա ընթացքում տեղի ունեցող ՏՏ մյուս միջոցառումները:
Ֆորումի ընթացքում քննարկվեցին գլոբալ շատ հարցեր, օրինակ, թե որ մասնագիտություններն են վերանալու առաջիկա 20 տարիներին (հիմնականում ՏՏ զարգացման արդյունքում), մաքուր տեխնոլոգիաներ, որտեղ այս տարի լայն մասնակցությունն էր ունեցել BMW-ն իր Z սերիայի մեքենաներով, մեքենայական ուսուցման եւ արհեստական բանականության հետագա զարգացումները, ստարտափներում նորարար ներդրումները եւ այլն։
Նոյեմբերի հատկանշական մյուս իրադարձությունը Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելն էր, ինչը լուրջ
մտահոգություններ է առաջացրել ամերիկյան ՏՏ համայնքում։ Սիլիկոնյան հովտում խորապես մտահոգված են նոր նախագահի հաղթանակով, քանի որ նա լավ հարաբերություններ չունի ՏՏ համայնքի հետ եւ բացասաբար է վերաբերվում համացանցին: Կա մտավախություն, որ Սիլիկոնյան հովտի զարգացումը կարող է արգելակվել նորընտիր նախագահի քայլերի արդյունքում:
Նարինե Դանեղյան