15:42 | 07.12.16 | Նորություններ | 3770

    Հայտնի են բաց տվյալների հաքաթոնի հաղթողները

    Հայտնի են դեկտեմբերի 3-4-ը Աղվերանում կայացած բաց տվյալների երկօրյա հաքաթոնի հաղթողները, որին մասնակցել է շուրջ 50 ծրագրավորող:

    Կոլբա լաբի ինկուբացիոն շրջանում են հայտնվել հետեւյալ երեք լուծումները:

    Hosanq.info նախագիծն օգտագործում է ՀԷՑ-ի բաց տվյալների շտեմարանը եւ հնարավորություն է ընձեռում հետեւել էլեկտրաէներգիայի ծախսի անհատական պատմությանը: Հարթակը հնարավորություն է տալիս համեմատել, թե ինչ էր հնարավոր անել նույնքան էլեկտրաէներգիա եւ գումար ծախսելու փոխարեն:

    Խոշոր հարկատուների տվյալների վիզուալիզացիայի հարթակն օգտագործում է Harkatu.am կայքում տեղ գտած տվյալները:

    GeoVizData- թիմը, օգտագործելով բաց տվյալների երկու շտեմարանների՝ առողջապահության եւ արտակարգ իրավիճակների քարտեզների տվյալները, վիզուալիզացիայի իրականացման համար օգտագործում է գեո-տարածական տեխնոլոգիաները (Geospatial Technologies):

    Հաքաթոնի կազմակերպիչ «Կոլբա Լաբ»-ում նշել են, որ hաքաթոնի նպատակն էր մշակել Հայաստանում առկա սոցիալական խնդիրների նորարար լուծումներ՝ օգտագործելով պետական հատվածի բաց տվյալները:

    Մինչ բուն հաքաթոնի ընթացքի մեկնարկը, մի շարք աշխատանքային քննարկումներ են կայացել բաց տվյալների շտեմարանների հետ աշխատանքի վերաբերյալ: Քննարկվել են, թե ինչպիսի վերլուծական գործիքներ գոյություն ունեն, եւ որոնք են հնարավոր բարդություններն ու հնարավորությունները բաց տվյալների հետ աշխատելիս:

    Հաքաթոնի մասնակիցներին հասանելի էին բաց տվյալների երեք հիմնական շտեմարաններ, որոնց հիման վրա պետք է մշակվեին նորարար լուծումները՝ առողջապահության ոլորտի տվյալներ (ապանձնավորված բուժհաստատություններ այցերի տվյալներ), ԱԻՆ-ի տրամադրած ռիսկերի քարտեզներ եւ Datalex.am հարթակի վրա հասանելի դատական գործերի շտեմարաններ:

    Հաքաթոնի նպատակն էր երկու տեսակի լուծումներ մշակել՝ առկա բաց տվյալների բազաների հասանելի, մատչելի եւ օգտատերերի համար առավել հարմարավետ օգտագործման ձեւաչափի մշակում, եւ բաց տվյալների շտեմարանների հիման վրա ստեղծված նորարար վերլուծական գործիքներ:

    Հաքաթոնը կազմակերպվել էր «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: