17:46 | 06.12.16 | Նորություններ | 10877

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրմանը

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեւանի կենդանաբանական այգում հյուրընկալել են համատեղ ծրագրերից մեկի` հիպոթերապիայի ծրագրի երկրորդ փուլի մասնակից հաշմանդամություն ունեցող երեխաներին եւ նրանց ծնողներին։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ ավելացել է հիպոթերապիայով զբաղվելու օրերի քանակը. նախկին երկուսի փոխարեն` շաբաթական երեք օր: Ծրագրին մասնակցության համար գրանցվել է ավելի քան 80 երեխա:
 
Հիպոթերապիան բուժական ֆիզկուլտուրայի տեսակ է, որն իրականացվում է ձիերի հետ շփման եւ ձիավարության միջոցով:

«Բուժական ֆիզկուլտուրայի այս տեսակը շատ հետաքրքիր է եւ կարեւոր: Կարելի է, իհարկե արդյունք ստանալ բժշկությանը հայտնի տարբեր ճանապարհներով: Այս մոտեցումը, սակայն, յուրահատուկ է: Երեխան հաճույքով միանում է իր իսկ առողջության վերականգնման գործընթացին՝ այն ընկալելով որպես ոչ թե միջամտություն, այլ՝ խաղ: Դրանով նա նպաստում է ակնկալվող արդյունքի հասնելուն: Կարծում եմ, որ մարդ-բնություն կապն ապահովող ծրագիրը հոգեբանական տեսանկյունից դրական ազդեցություն է թողնում նաեւ ծնողների վրա: Ուրախ եմ արձանագրել, որ մեր համագործակցության շնորհիվ նման ծրագիր է իրականացվում մեր երկրում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: