15:51 | 06.12.16 | Նորություններ | 3648

ISTC հետազոտական դրամաշնորհային ծրագիրն ընդունում է հայտեր

Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC)՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ, ներկայացնում է ISTC համատեղ հետազոտական դրամաշնորհային ծրագիրը, որը կաջակցի շուկա դուրս գալ ցանկացող ծրագրերին:

Նպատակն է աջակցել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում հետազոտություններ իրականացնող գիտնականներին, նոր շունչ հաղորդել ակադեմիայի ու տնտեսության փոխհարաբերությանը: Աջակցություն կստանան այն ծրագրերը, որոնք իրականացնում են նորարարություն՝ գաղափարի փուլից մինչեւ փորձարկում, թեստավորում, համակարգերի վավերացում իրական աշխարհում՝ աշխատանքային պայմաններում:

Ծրագրի առաջին փուլին հարկավոր է դիմել այստեղ՝ մինչեւ դեկտեմբերի 14-ը: Հաղթողներին տրամադրվելու է IBM ամպային ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն, $6000 դրամաշնորհ՝ 1 տարվա հետազոտական աշխատանքի համար, աջակցություն առեւտրայնացման ռազմավարության մշակման եւ համատեղ միջազգային դրամաշնորհների դիմելու հարցում:

Կստեղծվի նաեւ համագործակցություն IBM-ի հետ աշխատող հետազոտական խմբերի եւ հայ գիտնականների ու հետազոտողների միջեւ։ Այս նպատակի իրագործման համար շուտով կհայտարարվի երկրորդ ծրագիրը՝ ISTC Research Travel Grant-ը, ինչի շնորհիվ Հայաստանից հետազոտական խմբեր հնարավորություն կունենան IBM-ի հետ համագործակցող ԱՄՆ բուհերում մի քանի շաբաթյա փորձի փոխանակման այցելություններ կատարել:

«Ներկայումս Հայաստանում գիտական ու հետազոտական ուղղվածությամբ աջակցման ծրագրերը եւ ֆինանսավորման հնարավորությունները սակավաթիվ են:  ISTC-ին, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ ԱՄՆ ՄԶԳ-ն այս ծրագրով նպատակ են հետապնդում խթանել հետազոտական աշխատանքները մեր երկրում եւ ստեղծել հիմքեր նրանց հետագա ինքնուրույն գործունեության համար»,- ասել է ISTC աքսելերացիոն ծրագրերի ղեկավար Արեգ Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը ՀՀ կառավարության, IBM-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի, ՁԻՀ-ի եւ ԵՊՀ-ի համատեղ ծրագիրն է: