Վիգեն Սարգսյանը
12:55 | 16.11.16 | Նորություններ | 8272
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ մի քանի մեծ զորամասերում «Թումո»-ի նմանությամբ տեխնոլոգիական կենտրոններ կստեղծվեն, որոնք կօգնեն այնտեղ ծառայող զինվորներին ձեռք բերել ծրագրավորման սկզբնական գիտելիքներ։
Նոյեմբերի 15-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը նախարարը նշել է, որ «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվելու բանակում ընդհանուր կրթական մակարդակի բարձրացմանը։
«Զինվորները պետք է օգտագործեն ծառայության 2 տարին նաեւ կրթվելու համար։ Խոշոր զորամասերում ստեղծելու ենք լրացուցիչ կրթության օջախներ։ Այդ ուղղությամբ արդեն երկխոսություն ենք սկսել ՏՏ մի քանի ընկերությունների հետ։ Մեր նպատակն է, որպեսզի զինվորը, ծառայությունն ավարտելով, առողջ, հայրենասեր եւ ավելի շատ գիտելիքներով վերադառնա քաղաքացիական կյանք»,- ասել է Վիգեն Սարգսյանը։