15:19 | 15.11.16 | Նորություններ | 3775

Դիլիջանում նոյեմբերի 18-19-ը կկայանա Բիզնես ինովացիոն ֆորումը

Նոյեմբերի 18-19-ը Դիլիջանում կանցկացվի 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը՝ «Հայաստան 20.18 - 2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրով:

Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանն այսօր տեղեկացրել է, որ ֆորումին կմասնակցեն տեղական եւ միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ, այդ թվում՝ բուլղարական Innovation starter գործակալության տնօրեն Լեոնա Ասլանովան, Թել Ավիվի համալսարանի Կրթության եւ աքսելերացիայի կենտրոնի տնօրեն Էլյա Էլոնը, Promobot սմարթ ռոբոտի հիմնադիր Ալեքսեյ Յուժակովը, ինչպես նաեւ ներկայացուցիչ ստարտափների աջակցությամբ զբաղվող գերմանական Բեռլին ինովացիայից:

Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության եւ համագործակցության գրասենյակի ղեկավար Լյուդովիկ Չեխանովսկին տեղեկացրել է, որ այս շաբաթ Հայաստան կժամանեն ԵՄ երկու հանձնակատարներ, որոնք ոչ պաշտոնական ձեւաչափով նախարարական հանդիպում կանցկացնեն: Հանդիպումը նվիրված կլինի նորարարության եւ բիզնես ոլորտներում գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի խորհրդատու Պիեռ Պրիվիխն իր հերթին նշել է, որ ոլորտի բոլոր ներկայացուցիչներին մեկ հարթակում համախմբելու գաղափարը չափազանց կարեւոր է նորարար էկոհամակարգ ստեղծելու համար: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում առկա է փորձագետների համայնք, որոնց հանդիպումների ու քննարկումների արդյունքում հնարավոր կլինի բարելավել Հայաստանի դիրքերը:

Ֆորումի հիմնական թեմաներն են՝

-    Նորարարական ապրանքներ եւ ծառայություններ,
-    Բիզնես պրոցեսների զարգացում ինովացիաների միջոցով,
-    Գիտելիքներ նորարարության եւ զարգացման համար,
-    Ռազմավարություն՝ դեպի ինովացիոն տնտեսություն:

Երկօրյա ֆորումին աջակցություն է ցուցաբերվել «ԵՄ-ն բիզնեսի համար» եւ «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնությունների շրջանակում: Այն բացառիկ հարթակ է, որտեղ մասնագետների թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների եւ շփումների միջոցով կներկայացվի ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, կծավալվի գործնական քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչպես նաեւ կմշակվի օրակարգ՝ 2018թ. Հայաստանը աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար:

Ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Հովանավորն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման  դաշնային նախարարության  ֆինանսավորմամբ եւ «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: