Ռալֆ Յիրիկյանը
17:48 | 11.11.16 | Նորություններ | 15077
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նոյեմբերի 10-ին Հայաստանի հանրային հեռուստատեսության լրատվական-վերլուծական «Հարցազրույց» հաղորդման շրջանակում անդրադարձել է «Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնությանը:
Այս նախաձեռնությունը Ռալֆ Յիրիկյանը դիտարկում է որպես հարթակ, որտեղ պետք է քննարկվեն պետականության ամրապնդման հետ կապված, համայն հայության առջեւ ծառացած այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են հայության ձուլման եւ ազգային ինքնության կորստի հետ կապված վտանգները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրենը հատկապես կարեւորում է լեզվի պահպանման ու երիտասարդների՝ ազգային դաստիարակության խնդիրները:
Հայության ապագայի խնդիրներով մտահոգված անհատներին Ռալֆ Յիրիկյանն առաջարկում է հավաքվել ու ներկայացնել ապագայի իրենց տեսլականը, մեկտեղել ջանքերը եւ լուծումներ փնտրել: Հարցազրույցի ընթացքում նաեւ անդրադարձ է կատարվում Սփյուռքի հատվածականությունը հաղթահարելու կարեւորությանը:
Պատասխանելով հեռահաղորդակցության ոլորտի հեռանկարներին վերաբերող հարցին՝ Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ տեխնոլոգիաների զարգացածության առումով Հայաստանը չի զիջում զարգացած շատ երկրների: Այնուամենայնիվ, ըստ ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրենի, կապի ոլորտի եկամտաբերությունը գնալով հետզհետե նվազում է, ոլորտը թեւակոխել է անկման փուլը, ինչը գլոբալ գործընթացի մաս է կազմում: Ինտերնետի տարածումը հանգեցրել է ձայնային ծառայությունների եկամտաբերության անկման:
Ինտերնետի վրա հիմնված ծառայությունների մատչելիությանը զուգահեռ՝ ոլորտում անկում է արաձանագրվել միջազգային զանգերից գոյացող եկամուտների կտրվածքով: Ինտերնետի սպառման ծավալների ավելացումով պայմանավորված՝ եկամտաբերության աճը, այնուամենայնիվ, դեռեւս ի զորու չէ փոխհատուցելու ձայնային ծառայություններից գոյացող եկամուտների ծավալի անկումը:
Անդրադառնալով ոլորտի մրցակցությանը՝ Ռալֆ Յիրիկյանը բարձր է գնահատել ոլորտը կարգավորող մարմինների աշխատանքը՝ ուղղված մրցակցության խթանմանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ծրագրերն իրականացվում են գործառնական շահույթից առաջացող միջոցների հաշվին:
Սոցիալական ներդրումներին ուղղված այդ ծրագրերն ամեն տարի հաշվարկում եւ ներառվում են բյուջեի մեջ: ԿՍՊ շրջանակում իրականացվող աշխատանքների գումարային ծավալները տարեցտարի նվազում են: Հետեւաբար՝ աշխատանքներ են տարվում ծրագրերի ինքնարժեքը նվազեցնելու, դրանց մանրազնին գնահատման ուղղությամբ, որպեսզի բյուջեի նվազումը ծրագրերի քանակի վրա էականորեն չանդրադառնա: Հիմնական թիրախը, վերջին տարիների ընթացքում, սահմանամերձ գյուղերն են, որտեղ բազմաբնույթ ծրագրեր են իրականացվում: