16:33 | 11.11.16 | Նորություններ | 13687

Ucom-ն ԱՄՆ-ում ներկայացրել է Mobile TV հավելվածը

Լոս Անջելեսի Microsoft Theater դահլիճում օրերս կայացել է Pan Armenian Entertainment Awards 2016 մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է Global Arts International-ի եւ PanArmenian Media Group-ի համագործակցության շրջանակում:

Մրցանակաբաշխության ընթացքում Ucom ընկերության զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը ներկայացրել է Mobile TV հավելվածը, որն ընկերության՝ միջազգային շուկայում ներկայացված անդրանիկ արտադրանքն է:

ԱՄՆ-ում Mobile TV հատուկ հավելվածը ներկայացվել է փորձնական գործարկման՝ մեկ ամիս ժամկետով, իսկ վերջնական տարբերակը հասանելի կլինի հունվարից: Այն օտարերկրյա օգտատերերին թույլ է տալիս հայկական հեռուստատեսության բոլոր հասանելի ալիքները դիտել շարժական սարքերի վրա եւ այդ սարքերն օգտագործել ոչ միայն որպես փոքր հեռուստատեսային էկրան, այլեւ որպես հեռակառավարման վահանակ:

«Mobile TV հատուկ հավելվածն այսօր Հայաստանում ամենապահանջված հարակից ծառայություններից մեկն է Ucom-ի IPTV բաժանորդների համար: Այս հավելվածի միջոցով օգտատերերին մատուցվելու է լավագույն հեռուստատեսային բովանդակությունն աշխարհի ցանկացած կետում ու ցանկացած պահի»,- ասել է Ucom ընկերության զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը:

«Հունվարից հավելվածը հասանելի կդարձնի բարձրակարգ հեռուստաբովանդակությունը, հազարավոր ֆիլմերը եւ հետաքրքիր հեռուստածրագրերը նաեւ հայաստանյան օգտատերերին»,- ասված է հաղորդագրությունում: