15:00 | 09.11.16 | Նորություններ | 3786
«Արմաթ» ինժեներական ծրագիրն արդեն համախմբել է շուրջ 160 դպրոցի 3000-ից ավելի դպրոցականների:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:
««Արմաթ» լաբորատորիաները, գործելով հիմնականում մարզերում եւ սահմանամերձ բնակավայրերում, տնտեսության կայուն զարգացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծում: Լաբորատորիաներում սովորող աշակերտները 3-4 տարվա ընթացքում ձեռք են բերում ինժեներական գիտելիքների այնպիսի պաշար, ստեղծագործականությու եւ ճկունություն, որ կարճ ժամանակահատվածում կարող են ձեռներեցությամբ զբաղվել ու հոգալ ընտանիքի եւ համայնքի հոգսերը»,- նշել է Հայկ Չոբանյանը:
Նրա խոսքով՝ տեխնոլոգիական ոլորտն առանձնահատուկ է նրանով, որ աշխատանքը կատարվում է առցանց, ուստի համաշխարհային շուկայում առկա շուրջ 2 մլն թափուր աշխատատեղը կարող է լրացվել հենց հայ մասնագետների կողմից, իսկ միջազգային պատվերների ձեռքբերումն անմիջականորեն կնպաստի համայնքային զարգացմանն ու արտագաղթի նվազեցմանը:
«Արմաթը» գործում է անվճար հիմունքներով եւ բաց է բոլոր դպրոցականների առջեւ: Այն դպրոցների աշակերտները, որտեղ դեռեւս չեն հիմնվել նման խմբակ-լաբորատորիաներ, կարող են հաճախել հարակից բնակավայրերում գործող «Արմաթ» խմբակներ: