10:51 | 09.11.16 | Նորություններ | 10590

«ԱրմենՏել»-ը ՏՄՊՊՀ-ից զգուշացում է ստացել

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) դիմում-բողոք է ստացել «Տրանս-Սֆեր» ընկերությունից, որը վերաբերում է «ԱրմենՏել»-ի կողմից պահնորդական ծառայություններ իրականացնելու համար հայտարարված մրցույթին:

ՏՄՊՊՀ տարածած հաղորդագրության համաձայն՝ «Տրանս-Սֆեր»-ը մասնավորապես դժգոհել է մրցույթի կազմակերպման ընթացքից ու պայմաններից:

Ըստ հանձնաժողովի՝ «ԱրմենՏել»-ի կողմից սահմանվել են պահանջներ ոչ թե մրցույթի արդյունքում հաղթող ընկերության, այլ բոլոր մասնակիցների նկատմամբ, մինչդեռ նախապես պարզ չէ, թե որ մասնակիցն է հաղթելու այդ մրցույթում:

«Ստացվում է, որ որոշ ընկերություններ, մրցույթին մասնակցելու հնարավորությունը բաց չթողնելու համար, ստիպված են լինում ներգրավել նոր աշխատողներ, կրել ֆինանսական ծախսեր, մինչդեռ դեռեւս պարզ չէ վերջիններս այդ մրցույթում կհաղթեն, թե՝ ոչ: Բացի այդ, ուսումնասիրություններից պարզվել է, որ «ԱրմենՏել»-ը մրցույթներում սահմանում է նաեւ այլ պայմաններ, որոնք ուղղակիորեն կապ չունեն մրցույթի պայմանների հետ, սակայն կարող են ազդեցություն ունենալ ինչպես հաղթող ընկերության ընտրության արդյունքների վրա, այնպես էլ ոլորտում առկա մրցակցային պայմանների վրա»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ հանձնաժողովի՝ «ԱրմենՏել»-ի նման վարքագիծը, երբ նախապես կիրառվել են որոշակի սահմանափակող պահանջներ այն ընկերությունների հանդեպ, որոնք դեռեւս չեն հաղթել մրցույթում, կարող է անհավասար պայմաններ ստեղծել դաշտում՝ մրցակցային առավելություն տալով անհամեմատ խոշոր եւ ֆինանսական մեծ հնարավորություններ ունեցող ընկերություններին:

ՏՄՊՊՀ-ն «ԱրմենՏել»-ին զգուշացրել է ձեռնպահ մնալ նմանատիպ գործողությունների իրականացումից, ինչպես նաեւ վերոնշյալ խնդրի կարգավորման կապակցությամբ դիմել է ֆինանսների նախարարությանը եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: