12:00 | 05.10.16 | Նորություններ | 16653

Ըստ Speedtest-ի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցն ամենաարագն է ՀՀ-ում

Լայնաշերտ եւ բջջային ինտերնետի թեստավորման եւ ցանցային ախտորոշիչ հավելվածների շուկայի առաջատար Ookla ընկերության Speedtest հավելվածի հաշվարկներով՝ 2016թ. առաջին կիսամյակում Հայաստանում ամենաարագագործը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցն է:

«Հայաստանում առաջինը գործարկելով LTE ցանցը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար եւ հետեւողականորեն ավելացրել է իր ցանցի արագությունը քաղաքային բնակավայրերում: Ներբեռնման արագությունը կազմում է 11.46 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման արագությունը՝ 4.58 Մբիթ/վրկ»,- ասված է ընկերության կայքում:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրումներ է կատարել ցանցի կատարելագործման նպատակով՝ իր բաժանորդներին ընձեռելով Հայաստանում ամենաարագ ցանցից օգտվելու հնարավորություն»,- ասել է Ookla ընկերության Speedtest ծրագրի գործառնությունների EVP պատասխանատու Ջեյմի Ստիվենը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար մեծ պատիվ է Ookla ընկերության Speedtest-ի կողմից մրցանակ ստանալը: Speedtest-ի ամենախիստ չափորոշիչներով փորձարկումներով հաստատվել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող ինտերնետ հասանելիության ծառայությունների արագությունն ամենաբարձրն է՝ ներառյալ 3G եւ 4G ցանցերի միջոցով ապահովվող: Այդ ցանցերի թե՛ ծածկույթի եւ թե՛ բազային կայանների թվի առումով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը բացարձակ առաջատար է: Այս մրցանակը սրա հստակ ապացույցն է»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: