14:29 | 04.10.16 | Հարցազրույցներ | exclusive 26694

Հայաստանյան ՏՏ-ն՝ բրիտանացիների աչքերով

Բրիտանացի լրագրողների եւ PR մասնագետների մի խումբ այս օրերին Երեւանում ծանոթանում է հայկական ՏՏ ոլորտի զարգացումներին: Մեծ Բրիտանիա վերադառնալուն պես նրանք ծրագրում են պատմել տեղական լրատվամիջոցներին հայկական տեխնոլոգիական ոլորտի զարգացումների եւ հաջողությունների մասին:

ԴիջիԹեք էքսպոյի շրջանակում Itel.am-ը զրուցել է բրիտանացի պատվիրակների եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության ներկայացուցչի հետ:

Մարթա Կոթ, Future Horizons ընկերություն, PR եւ ՏՏ մեդիա կապեր

Սա իմ առաջին այցն է: Մինչ այդ Հայաստանն ասոցացնում էի միայն տուրիստական երկրի հետ: Ինձ իսկապես տպավորել է զարգացման մակարդակը, ինչպես նաեւ մարդկանց ձգտումը. նրանք թվում են շատ մոտիվացված՝ հաջողության հասնելու եւ միջազգային մակարդակ դուրս գալու ճանապարհին:

Հայկական եւ բրիտանական շուկաները շատ տարբեր են: Մեծ Բրիտանիայում չենք տեսնում այդքան էներգիա եւ վճռականություն: Հայաստանում այցելեցինք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից հիմնադրված մի շարք ՏՏ կենտրոններ. այստեղ շատ ոգեւորված եւ մոտիվացված են աշխատում: Ինձ տպավորել է, թե ինչպես են աշխատում Հայաստանում ինովացիոն կենտրոնները: Կարծում եմ՝ դուք ունեք հիանալի եւ կրեատիվ գաղափարներ: Օրինակ, տպավորիչ էր ԴիջիԹեքում տեսնել վիրտուալ իրականության օրինակներ:

Հույս ունենք, որ Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը Հայաստանին կօգնի միջազգային շուկա մուտք գործել:

Մենք կապի մեջ ենք մի շարք բրիտանացի լրագրողների հետ, եւ նրանք ունեն հարցեր՝ կապված հայաստանյան ՏՏ ոլորտի հետ: Մենք, այսպես կոչված, «պատմիչներ» կլինենք նրանց համար, երբ վերադառնանք:

Մալքոլմ Փենն, Future Horizons ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն

Չորրորդ անգամ եմ այցելում Հայաստան: Տեսնում եմ, թե որքան բան է փոխվել վերջին այցիցս՝ 2013-ից հետո:

Ես շատ եմ տպավորված «Թումո» կենտրոնով: 13 տարեկան երեխաներ են, ոգեւորությունից քիչ է մնում «կոտրեն» դռները... Անհամբեր են, որ հենց դասընթացի ժամը գա, իրենք առաջինը ներս մտնեն: Նման ոգեւորություն աշխարհում էլ ոչ մի տեղ չես տեսնի:

Եվրոպան ունի Հայաստանի կարիքը, սակայն տեղյակ չէ Հայաստանի գոյության մասին:
Այնպես չէ, որ Հայաստանը Բրիտանիայի համար հրապուրիչ շուկա չէ: Պարզապես մարդիկ տեղյակ չեն: Հայաստանը մի փոքր հեռու է, ու բացի այդ, դեր է խաղում ԽՍՀՄ ժառանգություն լինելու փաստը:

Չորս-հինգ տարի առաջ Հայաստանում «պետք է անել» մոտիվացիան չէի տեսնում, իսկ այսօր տեսնում եմ:
 
Բրիտանական ընկերությունները եթե գան Հայաստան, դա չպետք է լինի այսպես կոչված «գաղութացում», պետք է գործել որպես հավասար գործընկերներ:

Չեմ կարող այս պահին անվանել որեւէ հայկական տեխնո պրոդուկտ, որն ունի միջազգային ճանաչում: Նույն PicsArt-ը, դրսում գրեթե ոչ ոք չգիտի, որ այն մշակվել է Հայաստանում:
 
Մենք ցանկանում էինք մեզ հետ այստեղ բերել ավելի շատ լրագրողների, սակայն դա բարդ էր: Վերադառնալուց հետո հաղորդագրություններ կտարածենք հայաստանյան ՏՏ-ի կոնկրետ ճյուղերի մասին, որոնք կարող են բրիտանական ԶԼՄ-ների կողմից ներկայացվել որպես նորությունների պատմություններ: Հնարավոր ԶԼՄ-ներից են Bloomberg-ը, Guardian-ը, Financial Times-ը, ինչպես նաեւ տեխնոլոգիական ուղղվածության ԶԼՄ-ները:   

Արտաշես Դավթյան, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության առեւտրատնտեսական հարցերով պատասխանատու

Բրիտանական շուկան հայկական ընկերությունների համար շարունակում է մնալ չբացահայտված: Նույնը վերաբերում է նաեւ բրիտանական ընկերություններին՝ հայկական շուկայի պարագայում: Տարբեր քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է Մեծ Բրիտանիայում բարձրացնել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի մասին իրազեկվածության մակարդակը:
 
Ի դեպ, նախատեսում ենք հաջորդ տարի նաեւ հայկական ՏՏ ընկերությունների պատվիրակություն ուղարկել Մեծ Բրիտանիա:

Նախաձեռնության հեղինակը եւ ֆինանսավորողը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունն է:  

Նարինե Դանեղյան