14:53 | 29.09.16 | Հարցազրույցներ | exclusive 112386
AppStore-ի համար վերջերս գործարկված հայ-ամերիկյան Mailbox Zero անվճար հավելվածն էլեկտրոնային փոստի հետ աշխատող համակարգ է, որը դասակարգում է նամակներն ըստ կարեւորության ու տեսակի՝ աշխատելով Gmail, Yahoo, Hotmail, AOL, Outlook եւ այլ փոստային ծառայությունների հետ:
Հավելվածին արդեն անդրադարձել են The New York Times-ը եւ TechCrunch-ը:
Itel.am-ը զրուցել է հավելվածը մշակած Mailfeed ընկերության համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Գեւորգ Կարապետյանի հետ:
-Ինչպե՞ս է Mailbox Zero-ն լուծում էլփոստի կառավարման խնդիրը:
- Էլեկտրոնային փոստի հետ աշխատանքի հիմնական խնդիրը փոստարկղի գերծանրաբեռնվածությունն է։ Այդ խնդրի հետ առնչվում են գրեթե բոլոր մարդիկ, որոնք ստանում են մեծ թվով նամակներ։ Երբ առավոտյան ունես 100 նոր նամակ, կարդում ես մոտ 60-ը՝ մնացածը թողելով հաջորդ օրվան, իսկ մյուս օրն ունես արդեն 160, եւ այդպես շարունակ։ Արդյունքում՝ բաց թողնված հանդիպումներ, չլուծված կարեւոր խնդիրներ։
Բոլորիս հետ էլ երեւի պատահել է, երբ կարեւոր նամակը մի քանի օր մնացել է փոստարկղում, մոռացել ենք պատասխանել, իսկ երբ հիշել ենք՝ պատասխանն արդեն ակտուալ չի եղել:
Այս խնդիրների լուծումը հնարավոր դարձավ մեքենայական ուսուցման (Machine learning) եւ անհատականացված ալգորիթմների (personalized algorithms) շնորհիվ։ Պատկերացրեք էլեկտրոնային փոստի հետ աշխատող հավելված, որը դասակարգում է ձեր նամակները՝ ըստ կարեւորության եւ տիպի, հիշեցնում, որ հարկավոր է պատասխանել գործընկերոջ կամ ղեկավարի կարեւոր նամակին, օգնում փոստարկղը դասակարգված պահել: Սրան ավելանում է նաեւ րոպեների ընթացքում քարտերի տեսքով ներկայացված բազմաթիվ նամակներն աչքի անցկացնելու հնարավորությունը։ Mailbox Zero-ն օգնում է նամակների հետ աշխատելու ձանձրալի գործընթացն արագացնել եւ հետաքրքրացնել:
-Որքա՞ն ներբեռնում ունի հավելվածը AppStore-ում: Իսկ ակնկալվո՞ւմ է արդյոք Android տարբերակի գործարկում:
-Այսօր մենք չունենք միլիոնավոր ներբեռնումներ App Store-ում, քանի որ կենտրոնացած ենք մեր թիրախային լսարանի վրա: Ամենասկզբից էլ մեր ուշադրության կենտրոնում պրոդուկտիվություն փնտրող լսարանն է եղել, բիզնես օգտագործողը, ընդհանրապես՝ մարդիկ, որոնք մեծ քանակությամբ էլեկտրոնային նամակներ են ստանում:
Արդեն սկսել ենք Android տարբերակի մշակումը եւ պլանավորում ենք մինչեւ տարեվերջ այն գործարկել: