Մարիա Պոդլեսնովան
11:06 | 19.09.16 | Հարցազրույցներ | exclusive 35666
12-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսի շրջանակում հոկտեմբերին 1-ին ռուսական GenerationS աքսելերատորը կանցկացնի մրցույթ, որն ուղղված կլինի Smart City նախագծին վերաբերող լուծումների ընտրությանը: Մրցույթի արդյունքում ստարտափ ընկերություններին հնարավորություն կտրվի համագործակցել ռուսական խոշորագույն շինարարական ընկերություններից մեկի՝ Мортон-ի հետ։
Itel.am-ը մրցույթի նախօրեին զրուցել է Smart City ծրագրի իրականացնող Rusbase ընկերության գործադիր տնօրեն Մարիա Պոդլեսնովայի հետ:
-Դուք ներկայացնում եք Արեւելյան Եվրոպայի խոշորագույն ստարտափ աքսելերատոր GenerationS-ը եւ պատրաստվում եք այցելել Երեւան՝ հանդիպելու հայկական տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:
- Առաջին հերթին ցանկանում ենք ծանոթանալ տեղական ձեռներեցական համայնքի հետ՝ հասկանալու համար, թե մեր աքսելերատորն ինչպես կարող է օգնել Հայաստանի ձեռներեցներին: Մենք հետաքրքրված ենք հանդիպել նաեւ տեղացի ներդրողների համայնքի՝ բիզնես հրեշտակների եւ վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք համագործակցել ապագայում:
- Ինչո՞ւ հենց Հայաստան:
- Մի կողմից, ճանապարհային քարտեզ ստեղծելիս մենք ընտրություն էինք կատարում ԵՏՄ երկրների շրջանակում: Մյուս կողմից, անցած տարի Հայաստանից հետաքրքիր ստարտափների հետ ծանոթացանք: Ահա թե ինչու որոշեցինք հատուկ գալ եւ հանդիպել տեղական տեխնոլոգիական/բիզնես համայնքի հետ: Ցանկանում ենք մեր աքսելերացիոն ծրագրում տեսնել հետաքրքիր եւ հեռանկարային ստարտափների, եւ եթե Հայաստանը ունի նման ստարտափներ, ապա՝ ինչո՞ւ ոչ:
- Ինչպիսի՞ն են տպավորությունները հայկական տեխնո աշխարհի զարգացումների վերաբերյալ:
- Հայաստանի տեխնոլոիգիական էկոհամակարգը աճում է բավական արագ, եւ դա տեսանելի է: Խոսելով մեր կողմից հնարավոր աջակցության մասին, պետք է նշեմ, որ երեւանյան մրցույթին մասնակցող 50 թոփ ստարտափները կստանան հնարավորություն քննարկել իրենց գաղափարները մեր գործոընկերոջ՝ ռուսական խոշորագույն շինարարական ընկերություններից մեկի՝ Мортон-ի հետ: Ապա նրանցից 20-ը կմասնակցեն բավական հետաքրքիր եւ օգտակար աքսելերացիոն ծրագրի, որը ներառում է տարբեր դասընթացներ՝ տեխնոլոգիական բիզնես դասընթացներից մինչեւ անհատական զարգացում:
- Կարո՞ղ եք թվարկել մի քանի հաջողակ հայկական ստարտափ:
-Ինձ թվում է՝ Ալեքսիս Օհանյանի Reddit-ը բավական հայտնի է արտերկրում, այդ թվում՝ Ռուսաստանում: Հրաչիկ Աճամյանի Wakie-ն եւս հայտնի հայկական տեխնոլոգիական պրոդուկտ է՝ հետաքրքիր գաղափարով:
- Ձեր երեք հիմնական խորհուրդները հայկական ստարտափներին:
1. Հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյոք դա իսկապե՞ս այն է, ինչ ցանկանում եք անել ձեր կյանքում: Ստարտափ զարգացնելը կարող է շատ սթրեսային լինել, քանի որ ձեր հաջողությունը երկու կարեւոր բաղադրիչից է կազմված՝ լարված աշխատանք եւ բախտ: Եվ անհնար է մեկն առանց մյուսի:
2. Մի՛ սպասեք ավելի լավ պահի, այն կարող է շատ ուշ գալ: Ավելին, միշտ էլ շատ ուշ է:
3. Մի՛ վախեցեք աշխատել մեծ ընկերությունների հետ: Նրանք այնքան չունեն քո կարիքը, որքան դուք՝ նրանց:
Մարիա Պոդլեսնովայի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը