Կատրին Մաերը
11:10 | 02.09.16 | Հարցազրույցներ | exclusive 20899
Վիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրեն Կատրին Մաերն ասել է, որ Վիքիմեդիայի մնացած համայնքները «շատ բան են սովորում Հայաստանի փորձից, որն առաջատար է այս ասպարեզում»:
Այս մասին Կատրին Մաերն ասել է Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում:
«Իմացա նաեւ հայկական համայնքի Վիքիակումբների եւ Վիքիճամբարների մասին: Կարծում եմ՝ դրանք բացառիկ են ամբողջ աշխարհում, եւ շատ ոգեւորիչ է, որ Վիքիմեդիայի մնացած համայնքները շատ բան են սովորում Հայաստանի փորձից, որն օրինակ է հանդիսանում շատերի համար: Իհարկե, երկրից երկիր անցնելով` այդ մոդելը մի փոքր կփոխվի, սակայն կարեւոր է, որ գաղափարն ու ոգեշնչումը գալիս է Հայաստանից:
Տպավորիչ է իմանալ, թե ինչպես է դա աշխատում, աճում եւ միջազգայնացվում, ընդլայնվում եւ սկսնակների համար նոր հնարավորություններ ստեղծում: Հիանալի է գիտակցել ներգրավվածության փորձառությունը Վիքիմեդիայում, որը պատանի ուսանողին դարձնում է պատրաստի խմբագիր»,- նշել է նա:
Կատրին Մաերին տպավորել է նաեւ տարածաշրջանային մեկ այլ ծրագիր, որը կոչվում է «Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի Գարուն» (CEE Spring):
«Սա այս տարածաշրջանի անհատների միասնական ջանքերի արդյունքն է` խթանելու միմյանց երկրների մասին հոդվածների ստեղծումը: Նորություն չէ, որ Վիքիմեդիայում կարող ես քո երկրի, մշակույթի եւ պատմության վերաբերյալ օտար լեզվով հոդվածներ գտնել: Սակայն պատմական տեսանկյունից այդ հոդվածը կարող է ոչ այնքան լավ ներկայացնել երկրի պատմությունը: Այս տարի Լեհաստանը, Սերբիան, Բելառուսիան, Հայաստանը ջանքեր են գործադրել հարեւան երկրների մասին իրենց լեզվով հասանելի տեղեկատվությունը ընդարձակելու ուղղությամբ: Իմ կարծիքով՝ սա շատ տպավորիչ եւ նորարարական նախագիծ է, բայց այն նաեւ խոսում է միջազգային համագործակցային ոգու մասին, ինչն այնքան բնորոշ է Վիքիմեդիա նախագծերին»,- ընդգծել է նա:
Կատրին Մաերի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ: