13:35 | 15.09.16 | Նորություններ | 17621

Ucom-ը կգործարկի U!Pay վիրտուալ դրամապանակը

Ucom ընկերությունը՝ «Իդրամ»-ի օժանդակությամբ ստեղծել է U!Pay վիրտուալ դրամապանակը:

Ծառայությունը օգտագործողին հնարավորություն է ընձեռում վճարումներ կատարել ոչ միայն Ucom-ի ֆիքսված եւ շարժական ծառայությունների համար, այլեւ իրականացնել կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ, հարկերի եւ տուրքերի, ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարումներ անմիջապես սմարթֆոնից, անկախ գտնվելու վայրից:

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ վիրտուալ դրամապանակի ներբեռնումը անվճար է: Հավելվածը հասանելի կլինի մեկ ամսից՝ Andorid եւ iOS սարքերի համար:

«Այսօր U!Pay դրամապանակի ստեղծմամբ մենք օգնում ենք մեր բաժանորդներին հարմարավետ ու հանգիստ կերպով իրականացնել բոլոր տեսակի վճարումները, խուսափել հերթերից, խնայել ժամանակը եւ այս ամենն անել ինտերնետի հասանելիությամբ աշխարհի ցանկացած կետից»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ներկայացնելով դրամապանակը՝ նա նշել է, որ ծրագիր մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի մեկ անգամ գրանցվել U!Pay համակարգում, իսկ վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ կլինի լիցքավորել վիրտուալ դրամապանակը հասանելի միջոցներից որեւէ մեկով:

U!Pay հաշվին հնարավոր կլինի կցել ՀՀ բանկերի կողմից թողարկված մինչեւ 10 հատ ArCa, MASTERCARD եւ VISA քարտեր եւ ավտոմատ կերպով համալրել U!Pay դրամապանակի հաշիվը, կամ վճարումներ կատարել՝ ընտրելով կցված քարտերից որեւէ մեկը որպես վճարման միջոց: Կցված բանկային քարտերի տվյալները կպահպանվեն ԱրՔա համակարգում, որն ունի PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) վճարային քարտերի տվյալների պահպանման անվտանգության միջազգային հավաստագիր:    

Հայկ Եսայանն ընդգծել է, որ համապատասխան ծառայությունները, օրինակ քարտից քարտ վճարելը, փոխանցումները, հնարավոր է՝ ունենան իրենց տոկոսները, սակայն ուղղակի վճարում կատարելու դեպքում տոկոսներ չեն գանձվի: Դրամապանակի վրա կարելի է ունենալ առավելագույնը 1 մլն դրամ:

«Վճարումը կատարելուց առաջ հավելվածը կհարցնի, թե որ միջոցով եք ցանկանում վճարումը կատարել: Բաժանորդն է ընտրում՝ վճարում կատարել քարտից թե U!Pay վիրտուալ դրամապանակից,- հավելել է ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը:

Գործարքը կատարելիս անվտանգության նկատառումներից ելնելով բաժանորդը կընտրի Pin code-ի կամ մատնահետքի օգնությամբ հաստատման տարբերակը: