12:49 | 15.09.16 | Նորություններ | 13018

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է ներքին աուդիտորների կոնֆերանսի անցկացմանը

Երեւանում այսօր մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի (ՆԱԻ-Հայաստան) 2-րդ միջազգային կոնֆերանսը` հեռահաղորդակցության օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:

Երկօրյա կոնֆերանսին մասնակցելու են աուդիտորական, ֆինանսական եւ պետական կառավարման ոլորտի շուրջ 170 ներկայացուցիչներ Հայաստանից եւ արտերկրից (Նիդեռլանդներ, Ռումինիա, Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս եւ ԱՄԷ):

Ինչպես նշել է ՆԱԻ-Հայաստանի նախագահ, ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչ Արա Չալաբյանը, կոնֆերանսի նպատակն է մասնագիտական համայնքին հավաքել մի հարկի տակ` քննարկելու եւ կիսվելու սեփական գաղափարներով եւ գիտելիքներով, ինչպես նաեւ ստեղծելու նոր կապեր:  

Նրա խոսքով` ինստիտուտի անդամների թիվը նախորդ կոնֆերանսից հետո աճել է շուրջ 50%-ով, իսկ Հայաստանում, ընդհանուր առմամբ, ավելացել է որակավորված ներքին աուդիտորների թիվը:

«Ներքին աուդիտը լավ կորպորատիվ կառավարման կարեւորագույն տարրերից է: Հայաստանում արդեն ունենք ընկերություններ ինչպես ֆինանսական, այնպես էլ այլ հատվածներում, որտեղ ներքին աուդիտի ինստիտուտը դրված է բավականին ամուր հիմքերի վրա եւ շարունակում է զարգանալ»,- ընդգծել է Արա Չալաբյանը:

Ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի խորհրդի նախագահ Անգելա Վիցանին էլ նշել է, որ հայաստանյան ներքին աուդիտի ինստիտուտը «բավական լուրջ առաջընթաց ունի եւ կարող է լավ օրինակ հանդիսանալ այլ փոքր երկրների համար»:

«Ներքին աուդիտի դերն է օգնել կազմակերպությանը բարձրացնել կառավարման որակն ու թափանցիկությունը, բացահայտել ռիսկերն ու արդյունավետ կառավարել դրանք»,- ասել է նա:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ նշել է, որ ներքին աուդիտը կազմակերպության «բժիշկն» է, որը բացահայտում է ռիսկերն ու խնդիրները եւ օգնում կազմակերպությանը ձեռնարկել անհրաժետ քայլեր` դրանց հաղթահարման ուղղությամբ:

«Ներկայիս բիզնես միջավայրում գործող ընկերությունների համար ներքին աուդիտն անհրաժեշտ ռազմավարական գործիք է`մրցակցային առավելություն ձեռք բերելու եւ այն պահպանելու հարցում»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը` հավելելով, որ ներքին աուդիտի կայացումը, վերջին հաշվով, նպաստելու է Հայաստանի դրական վարկանիշի բարձրացմանը: