11:15 | 15.09.16 | Հոդվածներ | exclusive 67224

«Մատչելի վայրեր»-ը կօգնի կողմնորոշվել տեղաշարժման խնդիր ունեցող անձանց

«Մատչելի վայրեր» վեբ հարթակը եւ համանուն մոբայլ հավելվածը ներկայացնում են մատչելի միջավայրի հայկական առաջին վիզուալիզացված քարտեզը:
 
Այն հնարավորություն է տալիս տեղաշարժման խնդիր ունեցող անձանց տեղեկանալ իրենց հետաքրքրող ենթակառուցվածքների մատչելիության մասին եւ օգտվել դրանցից` առանց նախապես անձամբ փորձարկելու:

Հավելվածի մշակմանն աջակցել է Կոլբա Լաբը: Itel.am-ի հետ զրույցում Կոլբա Լաբի ներկայացուցիչ Ռուզանա Բալդրյանը նշել է, որ հավելվածը քաղաքային համայնքների մատչելի վայրերն ու ենթակառուցվածքները մատնանշող քարտեզ է: Թիրախում հիմնականում անվավոր սարքերով տեղաշարժվող մարդիկ են, որոնք կարիք ունեն մատչելի վայրերի մասին տեղեկությունների:

Նա պատմել է, որ գաղափարը ծնվել եւ իրականացվել է Հայկական ճամբար հասարակական կազմակերպության թիմում:


«Կայքն այս պահին ունի շուրջ 80 օգտատեր, ներկայացված է 400-ից ավելի օբյեկտ: Հավելվածում օգտատերերը չեն նույնականացվում, այսինքն ցանկացած մարդ կարող է Play Store-ից ներբեռնել հավելվածը, օգտվել դրանից կամ ներբեռնել նոր մատչելի վայրերի մասին ինֆորմացիա՝ առանց գրանցվելու եւ անձնական տվյալներ թողնելու»,- իր հերթին նշել է գաղափարի հեղինակ Վարդուհի Արամյանը:

Նա տեղեկացրել է, որ առաջիկայում ծրագրում են գործարկել հավելվածի iOS տարբերակը՝ ԱՄՆ դեսպանատան կողմից տրամադրվող դրամաշնորհի միջոցներով:

Նարինե Դանեղյան