12:36 | 14.09.16 | Հոդվածներ | exclusive 13304

ԿինոՊարկի նորացված կայքը՝ հատուկ կինոսերների համար

Սեպտեմբերի 10-ին ԿինոՊարկը վերագործարկեց իր նոր`ժամանակակից եւ ֆունկցիոնալ վեբ կայքը:

Կայքի հնարավորությունների մասին Itel.am-ը զրուցել է ԿինոՊարկի պատասխանատուների հետ:

ԿինոՊարկի տնօրեն Վազգեն Սաղաթելյանը Itel.am-ին պատմել է, որ կայքը արդիականացնելու նպատակն էր ապահովել կինոթատրոնի պատշաճ ներկայությունը թվային ոլորտում:

photo © ԿինոՊարկ


«Լինելով օբյեկտիվ չափորոշիչներով տեխնիկապես ամենազարգացած կինոթատրոնը Հայաստանում՝ մենք իհարկե պետք է ունենանք նաեւ համապատասխան կայք, ինչը եւ իրականություն դարձավ: Իհարկե, մենք նույնքան եւ դեռ ավելի ակտիվ ենք լինելու սոցիալական ցանցերում եւ մասնավորապես` Ֆեյսբուքում: Փոխկապակցվածությունը զուտ կոնտենտի մասով է, սակայն եթե Ֆեյսբուքում ֆիլմի մասին տրվում է շատ կարճ ինֆորմացիա` ելնելով այս սոցիալական ցանցում տեղեկություն տարածելու յուրահատկություններից, ապա կայքում կտրվի շատ մանրամասն տեղեկություն ամեն ցուցադրվող եւ սպասվող ֆիլմի մասին: Չմոռանամ նաեւ նշել, որ լինելով առաջին կինոթատրոնը, որն ունի տոմսերի օնլայն վաճառքի սեփական ռեսուրսները, մենք ցանկանում ենք, որ մեր հաճախորդները, օգտվելով մեր կայքից եւ գնելով օնլայն տոմսեր, ստանան մաքսիմալ էսթետիկ հաճույք այդ պրոցեսից: Հուսանք, որ մեզ դա հաջողվել է»,- ասել է նա:

Նախագծի ղեկավար Գոռ Ամիրյանի խոսքով էլ կայքը վերագործարկելու մասին մտածել սկսել են շուրջ կես տարի առաջ:

«Այդ ժամանակ հասկացանք, որ տվյալ պահին գործող կայքը ո՛չ տեսքով եւ ո՛չ էլ ֆունկցիոնալությամբ չի համապատասխանում ԿինոՊարկին: Նախապատրաստական աշխատանքները տեւել են մոտ երկու ամիս: Կայքի դիզայնով զբաղվել է Braind-ը, իսկ ծրագրավորման աշխատանքները կատարել է Dinamica ծրագրավորողների խումբը: Նախագծի աշխատանքներին մասնակցել է մոտ 15 հոգի»,- նշել է նա:

photo © ԿինոՊարկ


Գոռ Ամիրյանի խոսքով՝ նոր կայքում հնարավոր է առցանց տոմս գնել: Հաճախորդը կարող է ընտրել ֆիլմը, նախընտրած ձեւաչափը, ժամը, դահլիճը եւ դահլիճում իր տեղը, իսկ հետո վճարել իրեն ավելի հարմար վճարման տարբերակով: Գործում է ֆիլմերի ֆիլտր, որի օգնությամբ շատ արագ հաճախորդը կարող է գտնել ֆիլմը՝ իր նախընտրած չափորոշիչներով:

Նախագծի ղեկավարը հավելել է, որ կայքի վերագործարկման հետ կապված՝ մինչեւ սեպտեմբերի 17-ը kinopark.am կայքից տոմս գնելու դեպքում հաճախորդները կարող են մասնակցել խաղարկության, որտեղ կարող են շահել ԿինոՊարկի բազմաթիվ նվերներից մեկը:

«Խաղարկությունը եւս փորձել ենք հնարավորինս նորարարական լուծումներով կազմակերպել: Կինոթատրոնի նախասրահում տեղադրված էկրանին ցուցադրված են նվերները: Հաճախորդները ինտերակտիվ կոճակի միջոցով ակտիվացնում են այն, ինչի արդյունքում ծրագիրը պատահականության սկզբունքով ընտրում է նվերը: Ի դեպ, ակցիան գործում է սեպտեմբերի 10-ից եւ արդեն իսկ բավական պոպուլյար է կինոթատրոնի այցելուների մոտ»,- ասել է Գոռ Ամիրյանը:

Կայքի բովանդակությունը հասանելի է երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն: Կայքի եռալեզու լինելը կայքի հեղինակները բացատրել են նրանով, որ այսօր կինոթատրոն են այցելում բազմաթիվ օտարերկրացիներ, որոնք սովորում կամ աշխատում են Հայաստանում:

photo © ԿինոՊարկ


«Շատ կարեւոր է նրանց եւս հասանելի դարձնել ինֆորմացիան՝ հատկապես երբ նրանցից շատերy ֆիլմերը մեզ մոտ դիտում են անգլերենով»,- ասել է Գոռ Ամիրյանը:

Դիզայներ էդուարդ Քանքանյանը (Braind) իր հերթին նշել է, որ KinoPark-ի նոր կայքն աչքի է ընկնում ժամանակակից լուծումներով եւ ֆունկցիոնալությամբ:

«Դիզայնի հիմքում ընկած են հարմարավետությունը եւ պարզությունը։ Ամեն ինչ արված է, որպեսզի օգտագործողը նվազագույն քայլերով եւ արագ կարողանա կայքում գտնել իր ցանկացած ֆիլմը եւ գնել տոմսեր։ Հարմարավետ եւ խելացի դիզայնի շնորհիվ կայքը գեղեցիկ է նայվում թե՛ սմարթֆոնի էկրանին, թե՛ մեծ մոնիտորին»,- ասել է նա:

Նարինե Դանեղյան