11:40 | 08.08.16 | Հոդվածներ | exclusive 17796

Հայաստանում մշակվել է Facebook-ի նամակագրությունը գաղտնագրող հավելված

Գործարկվել է Chrome բրաուզերի համար նախատեսված Facebook Secret Chat հավելվածը, որը թույլ է տալիս գաղտնագրել Facebook-ով ուղարկվող նամակները:

Itel.am-ի հետ զրույցում հավելվածի ստեղծող, ծրագրավորող Արթուր Ավանեսովը նշել է, որ հավելվածը ներբեռնելուց հետո հարկավոր է թարմացնել Facebook-ի էջը:  

«Դրա արդյունքում նամակագրության պատուհանի տակ պետք է երեւա © նշանը: Հարկավոր է սեղմել այդ նշանի վրա եւ բացված պատուհանում հավաքել KEY գաղտնաբառը, որի օգնությամբ էլ ձեր գրած տեքստը կգաղտնագրվի»,- նշել է Արթուր Ավանեսովը՝ ընդգծելով, որ զրուցակիցը եւս պետք է ներբեռնի հավելվածը եւ հավաքի նույն գաղտնաբառը:


Արթուր Ավանեսովը խորհուրդ է տվել գաղտնաբառը Facebook-ի միջոցով չուղարկել միմյանց, այլ ընտրել Gmail, Viber կամ Telegram տարբերակները, որտեղ, նրա խոսքով, ինչ-որ չափով գործում է գաղտնագրության համակարգը:

Գաղտնագրումն ավարտելուց հետո հարկավոր է սեղվել (R) կոճակը եւ դուրս գալ գաղտնագրման ռեժիմից՝ շարունակելով շփվել սովորական ռեժիմով:

Արթուր Ավանեսովի խոսքով՝ գաղտնաբառը եւ տեքստերը որեւէ տեղ չեն պահվում:

«Գաղտնագրումը կատարվում է տվյալ պահին, այսինքն հավելվածը որեւէ կերպ կոնտակտի մեջ չի մտնում Facebook-ի հետ եւ ուղարկվում է Facebook միայն գաղտնագրվելուց հետո, իսկ հավաքած գաղտնաբառը պահվում է փոփոխականի մեջ: Եթե փորձեք թարմացնել Facebook-ի էջը, ապա Ձեր հավաքած գաղտնաբառը կկորի, քանի որ այն ֆիզիկապես որեւէ տեղ չի պահվում»,- բացատրել է Արթուր Ավանեսովը:  

Նարինե Դանեղյան